Armenpress.am-ը գրում է․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի մերժվեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին: