Լարվածության մեջ պահող սյուժե, դերասանական էմոցիոնալ խաղ. կայացավ Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան


12:09 , 6 սեպտեմբեր, 2019

Եթե դեռևս չեք դիտել Идеальные незнакомцы ֆիլմի մյուս յոթ ռեմեյքները, առաջարկում ենք սկսել հայկական տարբերակից, հետո արդեն համեմատելու հնարավորություն կունենաք: Ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեկ ներկայացրեց ֆիլմի իր տարբերակը, որն անվանել էր «Անհայտ բաժանորդ»: Ըստ ռեժիսորի՝ սա հարաբերությունների կատակերգություն է: BlogNews.am-ը ներկա է եղել փակ դիտմանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են ֆիլմի հերոսները իմանում միմյանց գաղտնիքները, և թե ինչպես էր դա ազդում նրանց հարաբերությունների վրա: Ամբողջ ֆիլմի ընթացքում մտերիմ ընկերները նոր բացահայտումներ են անում միմյանց մասին․ թվում էր՝ նրանք թաքցնելու ոչինչ չունեն, բայց այդպես չէր:

Ամբողջ ֆիլմը կառուցված է երկխոսությունների վրա: Հատված կա, որտեղ լիաթոք ծիծաղում ես, իսկ մյուս դրվագում՝ փշաքաղվում դերասանական նուրբ խաղից: Ֆիլմում շոշափվում են շատ թեմաներ՝ սոցիալական խնդիրներ, մարդկային հարաբերություններ, այդ թվում՝ նաև սեր, դավաճանություն: Բայց ինչ կլիներ, եթե մեր գաղտնիքները, որոնք թաքցնում ենք, այդպես էլ չբացահայտվեին…

«Անհայտ բաժանորդ» ֆիլմում ընդգրկված դերասանները՝ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Անի Խաչիկյանը, Սոս Ջանիբեկյանը, Մարջան Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանը և Արթուր Մանուկյանը, մեկ ժամից ավել ստիպում են կտրվել իրականությունից և շատ ավելի խորը բաների մասին մտածել:

«Սա ինձ համար շատ պատասխանատու աշխատանք էր, և ես շնորհակալ եմ պրոդյուսերներին, որ ինձ վստահեցին: Եթե ֆիլմը դիտել և հավանել եք, ապա բռավո դերասաններին, եթե ֆիլմը չեք հավանել, մեղավոր եմ ես: Յուրաքանչյուր ռեժիսորի համար երանելի դերասանական կազմ էր ընտրված, և ցանկանում էի, որ մարդիկ վայելեն դերասանական մաքրամաքուր աշխատանքը»,- նշում է Արշալույս Հարությունյանը։

Ռեժիսորը նշում է, որ գաջեթների հայտնվելուց հետո հարաբերություններում մեր դրսևորումները փոխվել են. «Մենք հաճախ գաջեթների հետևում ավելի ապահովագրված ենք և դիմացինի աչքերի մեջ նայելու խնդիր չունենք: Կյանքը փոխվել է և նոր իրականություն գոյություն ունի․ առանց այն գաջեթների, որ կան մեր կյանքում, մենք իսկապես չենք կարողանում հիմա ապրել: Իսկապես, այդ սարքերի մեջ մեր մասին շատ բան կա, որը մենք թաքցնում ենք, և երբ բացվում են այդ գաղտնիքները, տարբեր հետևանքներ կարող են լինել: Բայց հուսով եմ՝ հասկացաք վերջում, որ այս ամենը տեղի չի ունենում, սա ավելի շուտ նախազգուշացում էր, որ կարող է նման բան տեղի ունենալ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի