«Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը». ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդականը՝ «Պոբեդայի» շուրջ ստեղծված խնդրի մասին


18:44 , 6 օգոստոս, 2019

Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության հետ կապված լուրերին:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:

Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:

Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`

1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

2. Որոշել են իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից:

3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:

Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: 
Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: 
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:

Այ սա է օտար ընկերություննեերի վրա հույս դրած ապրելը:

Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա»: