Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ընդունել իր գիպսե կիսանդրին


22:42 , 31 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Համացանցային աճուրդներից մեկում վաճառքի հանված` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գիպսե կիսանդրին, որը լրագրողները նրան են ցանկացել նվիրել, նախագահը հրաժարվել է ընդունել: Այս մասին տեղեկացնում է ukranews.com-ը:

«1+1» հեռուստաալիքի նկարահանող խումբը նախագահի մարզային այցելության ժամանակ կիսանդրին ցույց է տվել նրան: «Որտեղի՞ց եք սա գտել, ահավոր է: Համացանցում եմ տեսել սա, ու այն պետք չէ ինձ փոխանցել։ Ինչո՞ւ ես»,- զարմացած ասել է նախագահն ու հորդորել այլևս նման բան չանել:

Նախագահի պաշտոնի ստանձնման երդման արարողության ժամանակ Զելենսկին ասել էր, որ չի ցանկանա, որ պաշտոնյաների աշխատասենյակներում լինեն իր նկարները, քանի որ «նախագահը սրբապատկեր չէ»։