Մեր փրկությունը կրթության մեջ է լինելու


12:30 , 27 հուլիս, 2019

Երբ հայկական հանրույթի մի զգալի հատվածը տարատեսակ ապօրինի երևույթները հանրայանացնելը և մեղավորներին պատժել տալը համարում է գործ տալ կամ բռնել տալ, ապա հասկանում ես, որ վերջնականապես հասնում ենք ձախողված պետության սահմանագծին: Պետություն, որի ներսում քրեական վարքուբարքերն արդեն երկար տարիներ շարունակ դարձել են հասարակության մի ստվար զանգվածի ամենօրյա կենցաղի մի մաս: Պետությունը, որը մի կերպ իներցիայով կարողանում է կիսատ-պռատ գոյատևել՝ չունենալով զարգացման որևէ լուրջ ռազմավարական տեսլական, որովհետև ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ այդ ամենի հիմնական շահառու հասարակության մի զգալի հատված պատկերացում չունի՝ պետությունն ինչ բան է, և պետության ներսում արատավոր երևույթների բարձրաձայնումը համարում է գործ տալ:

Ասել եմ և նորից կասեմ՝ մեր փրկությունը կրթության մեջ է լինելու: Առանց որակյալ կրթության, որից կբխի մեզ այնքան անհրաժեշտ մտածելակերպային և արժեհամակարգային փոփոխությունը, մենք՝ որպես պետություն, դատապարտված ենք լինելու ճկռալով մի կերպ պահպանելու մեր գոյությունը: