Մի քանի պատճառ՝ վազքով զբաղվելու համար


01:41 , 27 հուլիս, 2019

Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։

Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին։

Այն օգտակար է շատ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Վազքն ինքնին դեղամիջոց չէ, սակայն այն ծանրաբեռնվածությունը, որը վազքի ժամանակ կրում է մարդու նյարդային և սրտանոթային համակարգը, ամրապնդում է առողջությունը և դրական ազդում օրգանիզմի վրա։

Վազքը մարզում է սրտամկանը։ Դա նշանակում է, որ սիրտն ավելի ուժեղ և դիմացկուն է դառնում։

Վազքն ավելացնում է արյան թթվածնային տարողությունը։ Մարզվող սիրտն ավելի շատ թթվածին է շրջանառում, քան չմարզվողը։

Ակտիվանում է արյան շրջանառությունը, հետևաբար, նաև նյութափոխանակությունը։

Վազքը գերազանց միջոց է նյարդային լարվածության դեմ պայքարելու համար։

Երկարատև ծանրաբեռնվածության արդյունքում արյան մեջ արտանետվում է էնդորֆին հորմոնը։

Այս հորմոնը կոչում են նաև «երջանկության հորմոն»։ Երբ արյան մեջ էնդորֆինի քանակն ավելանում է, բարձրանում է տրամադրությունը, իսկ ընկճախտն անհետանում է։

Վազքը բարձրացնում է մտավոր ունակությունները։ Արյան ակտիվ շրջանառության և թթվածնի մեծ քանակության ներհոսքի արդյունքում մարդու կենտրոնական նյարդային համակարգն ակտիվանում է:

Վազքով պարբերաբար զբաղվելն ամրացնում է դիմադրողականությունը՝ արյան մեջ կարմիր գնդիկների և հեմոգլոբինի աճով պայմանավորված։

Վազքով զբաղվելու ժամանակ արյան մեջ իջնում է խոլեստերինի քանակը, պակասում է սովի զգացողությունը և բարելավվում է աղիների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է մարմնի քաշի կայունացմանը։

Հին հույներն ասացվածք ունեին. «Եթե ցանկանում ես ուժեղ լինել, զբաղվի՛ր վազքով, ցանկանում ես գեղեցիկ լինել, զբաղվի՛ր վազքով, ցանկանում ես խելացի լինել, զբաղվի՛ր վազքով»։