«Տասնյոթ տարեկանում գլխիս մազերը կիսով չափ սափրեցի և արեցի առաջին դաջվածքս. այդ ժամանակ ես հասարակության համար արտասովոր էի». Մադոննա Հարությունյանը՝ ոճի և մասնագիտության ընտրության մասին


19:45 , 4 հուլիս, 2019

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը դեռ երիտասարդ տարիքում հստակ գիտեր՝ ինչ է ուզում: Նորաձևությունն այն ոլորտն էր, որտեղ պատկերացնում էր իր կյանքը: Հիմա արդեն սիրելի մասնագիտությունը Մադոննայի համար դարձել է գումար վաստակելու տարբերակ, իսկ նրա Ինստագրամում առաջարկվող լուքերը շատ արագ կրկնօրինակվում և ընդունվում են նորաձև հագնվել սիրողների կողմից: BlogNews.am-ն օրեր առաջ լուսանկարել է Մադոննային և զրուցել մասնագիտական ընտրության, ոճի, ինքնուրույն ապրելու մասին:      

Ես մեծացել եմ սեքսիստական ընտանիքում: Ունեմ մեծ եղբայր, ում հետ միշտ բարդ հարաբերությունների մեջ եմ եղել․ նա ունի պահպանողական մտածելակերպ: Իմ հանդեպ շատ ուշադիր էին, իսկ մայրս էլ մտածում էր՝ եղբայրս ինչպես ասի, դա է ճիշտը: Բայց մյուս կողմից ես էի ճնշվում, որովհետև ուզում էի բացահայտել աշխարհն ինձ համար: Դեռահասության տարիներին ես շատ սահմանափակված էի թե՛ իմ ընկերների հետ ժամանակ անցկացնելու, թե՛ իմ մասնագիտությունն ընտրելու հարցում: Ծնողներս ինձ կա՛մ իրավաբան էին տեսնում, կա՛մ շատ լուրջ մասնագիտության տեր մարդ, բայց երբևէ չեն փորձել հասկանալ, թե իրականում ես ինչ եմ ուզում: Ու այն, ինչ ես ուզում էի նորաձևության հետ կապված, նրանց անլուրջ էր թվում: Տարիների ընթացքում ես կարողացա իմ որոշումները կայացնել ինքնուրույն:

Ութերորդ դասարանում դպրոցից դուրս եկա, գնացի քոլեջ, որտեղ կոսմետոլոգիա սովորեցի: Զուգահեռ սովորում էի ավագ դպրոցում, որպեսզի ստանայի դիպլոմ և ատեստատ՝ հետագայում բարձրագույն կրթությունս շարունակելու համար, նաև աշխատում էի Երևանի բրենդային խանութներից մեկում, իսկ այն ժամանակ դրանք քիչ էին: Շատ էի ուրախացել, երբ ինձ կանչեցին աշխատանքի, որովհետև չէի սպասում, որ ինձ այդ տարիքում կընդունեն: Դրանից հետո սկսվեց ավելի ինքնուրույն կյանքը։ Ամեն օր համադրություններ անելով, հասկանալով, թե ինչ կարելի է առաջարկել հաճախորդին՝ ես սկսեցի անել իմ առաջին քայլերը նորաձևության ոլորտում: Ինձ շատ էր ուրախացնում այն փաստը, որ ես ունեի հաճախորդներ, ովքեր վերադառնում էին խանութ և ցանկանում, որ ես իրենց սպասարկեմ, որովհետև նրանց դուր էր եկել այն հագուստը, որը ես էի նրանց խորհուրդ տվել:

Ես առաջարկեցի մեր խանութ-սրահի տնօրենին, որ հագուստի համադրություններ անեմ, լուսանկարվեմ, և այդ լուսանկարները հայտնվեն համացանցում:

Երբ մայրս և եղբայրս տեղափոխվեցին Հունաստան, ես ապրում էի մորաքրոջս ընտանիքի հետ: Այդ ժամանակ եղբայրս այլևս շատ չէր վերահասկում ինձ, և ես ավելի ազատ էի որոշումներ կայացնելիս: Հայաստանում դեռևս շատ չէին բրենդները, որոնք ֆոտոշարքեր էին անում, և ես առաջարկեցի մեր խանութ-սրահի տնօրենին, որ հագուստի համադրություններ անեմ, լուսանկարվեմ, և այդ լուսանկարները հայտնվեն համացանցում: Այդպես սկսվեցին մեր ֆոտոշարքերը, և ես մինչ օրս զբաղվում եմ դրանցով:

Մենակ սկսել եմ ապրել 20 տարեկանից և կարծում եմ՝ չափահաս դառնալուց հետո յուրաքանչյուր մարդ պետք է սկսի ապրել մենակ, որովհետև կարող է ինքնուրույն կայացնել որոշում, գնալ աշխատանքի, որոշել, թե այդ աշխատավարձն ինչպես կարող է ծախսել, ինչպես գոյատևի, նոր պլաններ կազմի: Ես որոշ չափով դեմ էի գնում իմ ծնողներին և հասարակությանը: Տասնյոթ տարեկանում գլխիս մազերը կիսով չափ սափրեցի և արեցի առաջին դաջվածքս. այդ ժամանակ ես հասարակության համար արտասովոր էի:

Ինքնուրույն կյանքն ինձ վստահություն է տվել: Բացարձակ չեմ փոշմանում․ եթե ես չունենայի ինքնուրույնություն, գուցե ես գնայի այլ ճանապարհով: Գուցե ես շատ աղջիկների նման լսեի իմ ծնողներին և ընտրեի այնպիսի մասնագիտություն, որը իմը չէ: Երբ տասնյոթ տարեկանում լուսանկարվում էի և ցույց էի տալիս իմ ծնողներին, բարեկամներին, բոլորը թերահավատորեն էին մոտենում, թե բա՝ ինչ է սա, իսկ ինչքա՞ն են վարձատրում, քեզ գոնե նորմալ գումար տալի՞ս են: Իհարկե, ես ինձ մոդել չեմ համարում, իմ մասնագիտությունն այլ է: Ես նկարվում եմ՝ հաճախորդներին առաջարկելով կոնկրետ լուքեր:

Ես ավելի շուտ եմ հասկացել, որ կան խնդիրներ, որոնց լուծումները միայն ես կարող եմ տալ: Ես քսանհինգ տարեկան եմ և հոգեպես ավելի շուտ եմ հասունացել: Պայքարող եմ, որովհետև այլ կերպ չէի կարող լինել: Անառողջ եմ համարում, որ կանայք հենվում են տղամարդկանց վրա շատ հարցերում կամ 18 տարեկանից հետո շարունակում են հույսը դնել իրենց ծնողների վրա, չէ՞ որ նրանք արդեն չափահաս մարդիկ են և ունեն գիտակցություն և իրենք պետք է իրենց հարցերը լուծեն:

Ես սիրում եմ ժամանակ անցկացնել ինքս ինձ հետ: Ինձ համար իրականում մենակությունը տխուր բան չէ, ես սիրում եմ մենակ մնալ իմ մտքերի հետ, բացահայտել ինձ կամ իրավիճակներ: Իհարկե, որոշ ժամանակ անց ես ուզում եմ դուրս գալ այդ մենակությունից և կիսվել իմ շրջապատի հետ, բայց ժամանակ առ ժամանակ մենակ մնալու ցանկություն, վստահաբար, կա:

Մինչև հիմա չեմ սովորել, որ ինչ-որ մարդիկ ինձ ճանաչում են: Ինձ համար այնքան խորթ է, երբ դրսում մոտենում և ցանկանում են լուսանկարվել ինձ հետ: Օրինակ, երբ Դիանա Մալենկոյի հետ զբոսնում եմ և ցանկանում են լուսանկարվել, ես մինչև վերջ չեմ հասկանում, որ ինձ հետ էլ են ցանկանում նկարվել, անգամ ասում եմ՝ տվեք՝ ես կնկարեմ: Երեք տարի է՝ հեռուստաընկերությունում եմ և չգիտեմ՝ ինձ մարդիկ ավելի շատ որտեղից են ճանաչում՝ Ինստագրամի՞ց, հեռուստատեսությունի՞ց, թե՞ այն խանութից, որտեղ աշխատում եմ:

Ինձ բլոգեր չեմ համարում. դա շատ լուրջ մասնագիտություն է: Ինստագրամում կիսվում եմ իմ ոճափոխություններով, իմ անձնական լուքերով և շատ հազվադեպ կարծիքներ եմ հայտնում ինչ-որ ցուցադրությունների մասին, որոնց կողքով չեմ կարողանում անտարբեր անցնել: Ես կազմում եմ լուքեր, անում եմ ֆոտոշարքեր իմ կազմած լուքերով և ֆոտոշարքով կիսվում եմ Ինստագրամում. դա, իհարկե, կոմերցիոն է: Իրականում ինձ շատ են գրում տարբեր ապրանքանիշներ գովազդելու համար, բայց միշտ չէ, որ դրանք համապատասխանում են ինձ: Մերժում եմ, և բնավ կապ չունի, թե որքան գումար են առաջարկում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան
Նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում «Զվարթնոց» օդանավակայանին, Armenian Helicopters-ին և «Ֆլայմի» ընկերությանը