Ադրբեջանն իսրայելական նոր ԱԹՍ-նե՞ր է գնել


20:00 , 1 հուլիս, 2019

Հունիսի 30-ին իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարություն է տարածել 8 մլն դոլար արժողությամբ նորագույն Orbiter 3 տեսակի տակտիկական ԱԹՍ-ների վաճառքի գործարքի մասին. սարքավորումն ունի բավական հետաքրքիր տեխնիկական տվյալներ՝ 150 կմ աշխատանքային դիապազոն, օդում ընդունակ է աշխատելու շուրջ 7 ժամ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ գնորդի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Ամոս Մեթանը նշել է. «Այս գործարքն ուղիղ հաստատումն է Aeronautics ընկերության արտադրանքի հանդեպ մեր հաճախորդների վստահության: Մշտական հաճախորդի հետ համաձայնությունը մշտապես հանդիսանում է հպարտության առարկա»:

Հարկ է նշել, որ Aeronautics ընկերությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ և անգամ իսրայելական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2017թ. ադրբեջանական կողմի պահանջով Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ի կարողությունները ցուցադրելու նպատակով մարտական պայմաններում հայկական դիրքերից մեկին հարվածելու աղմկահարույց միջադեպի պատճառով: Ընկերությունը նոր համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ, իսկ ս.թ. փետրվարին պարզ էր դարձել կողմերի միջև առաջիկա 2 տարում 13 մլն դոլարի հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ գործարքի մասին. այդ դեպքում ևս գնորդի մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվել:

Հետևաբար, վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, չի բացառվում, որ այս դեպքում ևս գնորդ երկիրն Ադրբեջանն է, և դրա մասին չբարձրաձայնումը պայմանավորված է ավելորդ աղմուկից խուսափելու հանգամանքով: