«Անսասան եղբայրություն 2019» զորավարժությունները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար


18:12 , 11 հունիս, 2019

Հայաստանին սահմանակից Նախիջևանում տեղի ունեցող զորավարժությունները այսօր՝ հունիսի 11-ին, ավարտվում են ու հատուկ դա ամփոփելու համար Նախիջևան էին ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Այս զորավարժությունների նպատակը, ըստ պաշտոնական աղբյուրների, համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործումն է: Վարժանքների ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ են իրականացրել: Սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղբայրական երկու երկրների համատեղ երկրորդ զորավարժություններն են:

Իրական նպատակը հարևան պետություններին իրենց ռազմական համագործակցությունը ցուցադրելն էր, մասնավորապես՝ Հայաստանի և Իրանի, հայկական սահմանները պաշտպանող ռուսական զորքերի մոտ ռազմական ներկայանալի տեսք ապահովելը:

Զորավարժությունները նաև առիթ էին, որպեսզի Նախիջևանի հատվածում դիրքավորվեն որոշ թուրք զինվորականները: Մենք դեռ չգիտենք, թե նրանցից քանիսը կվերադառնան ու քանիսը կմնան ադրբեջանական բանակի կազմում ծառայություն իրականացնելու, քանի որ կոնկրետ այդ հատվածում ադրբեջանական կողմը ռազմական տեսանկյունից բավականին կաղում է: Թուրքիան այս քայլն օգտագործեց, որպեսզի ոչ պաշտոնական կերպով զորք մտցնի Ադրբեջան:

Թուրքիան կամաց-կամաց կատարում է իր առջև դրած խնդիրը՝ մեծ թուրան կոչվածի իրականացումը, որի հիմնական նպատակն է շրջապատվել թուրքալեզու պետություններով: Թուրքիայի նման գործողություններն իրենցից վտանգ են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ մյուս բոլոր պետությունների համար: