Քաղաքական ֆիգուր դառնալու համար միայն իդեալներն ու գիտելիքները բավարար չեն, պետք է քաղաքական պայքարի փորձ


15:17 , 31 մայիս, 2019

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1989-ի մայիսի 31-ին, Ղարաբաղ կոմիտեի անդամներն, ազատված բանտից, հասնում են Մատենադարան, ուր նրանց հավաքված սպասում է ժողովուրդը: Տեսանյութերի շարքը, որը ժամանակին տեղադրրել էինք Յութուբում, կդնեմ մեկնաբանության մեջ:

Ղարաբաղյան շարժումը, որը մինչև «իշխանության գալը» ծավալվեց երկու տարի, հենց նաև շնորհիվ այդ հանգամանքի կարողացավ իր միջից ձևավորել ոչ թե մեկ, այլ մի քանի քաղաքական լուրջ ֆիգուր՝ դեռ չհաշված միջին մակարդակը: Քաղաքական ֆիգուր դառնալու համար միայն իդեալներն ու գիտելիքները բավարար չեն, պետք է քաղաքական պայքարի փորձ: Ղարաբաղյան շարժման, ինչպես էն ժամանակ ասում էին, տղերքը դեռ մինչև պաշտոններ զբաղեցնելը գործ ունեցան զենքի, փողի և նման հարցերի հետ, ճաշակեցին անազատության փորձությունը: Այդ փորձը ձեռք բերելով, օրինակ, գրողներ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը կարողավան դառնալ Պաշտպանության նախարար, ՆԳՆ նախարար և այլն: Նրանք իշխանություն դարձան մինչև իշխանության գալը, մինչև պաշտոնական իշխանություն ձևավորելը: 

Կարելի է միայն ենթադրել, թե ինչ կլիներ, եթե Ղարաբաղյան շարժումը պաշտոնական իշխանություն դառնար ձևավորումից ընդամենը մի քանի շաբաթ անց, ասենք՝ 1988-ի ապրիլ-մայիսին: Ենթադրում եմ, որ դա չէր ունենալու այն գաղափարական, կազմակերպչական և քաղաքական հասունությունը, որն անհրաժեշտ էր և որը հետագայում գոնե մասամբ ձեռք բերվեց կենդանի քաղաքական գործընթացին մասնակցելով: Պատկերավոր ասած՝ կկարողանա՞ր 88 թվի ապրիլի Վազգեն Սարգսյանը դառնալ սպարապետ, Լևոնը՝ նախագահ և այլն, և այլն: Ես չեմ ասում՝ պաշտոններ ստանձնելուց հետո իրենք ամեն բան ճիշտ արեցին, բայց հաղթեցին պատերազմում, Հայաստանում էլ նվազագույն կարգ կարողացան ապահովել:

Կարող է ասելիքս տաօրինակ հնչել, բայց այսօրվա իշխող ուժը, պաշտոններ զբաղեցնելուց հետո էլ պետք է իրեն ձևավորեր որպես շարժում, օգտվելով ժողովորդական ալիքից՝ կազմակերպեր դա որպես համահայաստանյան շարժում, որովհետև երկու-երեք շաբաթում կարող ես պաշտոններ զբաղեցնել, բայց պարտադիր չէ լիարժեք իշխանություն դառնաս՝ հոգեբանականից սկսած մինչև նյութաբանություն: Կազմակերպված, կառուցվածք ունեցող շարժումը կապահովեր նոր, թարմ մարդկանց հոսք, կկոփեր կադրեր, հենարան կդառնար քաղաքական: Իսկ դրա բացակայությամբ հենարանն ու կադրային աղբյուրը մնում են կուսակցությունները, ՀԿ-ները, պետապարատը, որոնք, իհարկե, չեն կարող ձգել լուրջ, հիմնարար քաղաքական խնդիրների լուծման գործիք լինելու բեռը: Ինչևէ, գուցե հիմա էլ դեռ ուշ չէ:

Մեր նախորդ քաղաքական սերունդը, որին այդքան քննադատում ենք և առավել հաճախ արդարացիորեն, համենայն դեպս, կարողացել է լուծել բազիսային խնդիրներ՝ անկախություն, հաղթանակ պատերազմում, քիչ թե շատ կայուն երկիր: Աստված տա՝ ամեն սերունդ նման խնդիրներ կարողանա լուծել: Նրանք չեն կարողացել լուծել ոչ պակաս կարևոր՝ արդարության, ազատության, բարեկեցության խնդիրները: Դա պիտի կարողնա լուծել մեր սերունդը, ոչ թե բացարձակ հակադրվելով նախկինին, այլ քննադատաբար շարունակելով: Եվ բացի այդ՝ երկրորդ սերնդի խնդիրներից մեր առջև նորից ամբողջ ծավալով կանգնում է և դեռ կանգնելու է անվտանգության խնդիրը:

Ղարաբաղյան շարժումը նաև հայկական քաղաքական մշակույթի ձևավորումն էր և քաղաքական գաղափարի: 1990-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դա ձևակերպել էր որպես բովանդակությամբ ազգային, ձևով՝ դեմոկրատական: Սա ոչ թե կամայական ձևակերպում է, այլ փաստագրում եղածի, որը գործում է ցայսօր: Երկուսի հակադրումը կամ միայն մեկի վրա շեշտը դնելը՝ ազգային կամ դեմոկրատական, պետք է համարվի ոչ բնիկ հայկական: Միայն երկուսի համադրումն է քաղաքական հայկականությունը: Եվ չմոռանալ՝ որն է բովանդակությունը՝ ազգայինը, այսինքն՝ նպատակը, իսկ որն է ձևը, այսինքն՝ գործիքը, միջոցը: Սրանց աստիճանակարգի խախտումն էլ բերում է նույն հետևանքների։