Պատրաստում ենք բիսկվիթը: 27x27 սմ քառակուսի կամ 30 սմ տրամագծով կլոր ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և ջեռոցը տաքացնում մինչև 180 աստիճան: Փափկեցրած կարագը 150 գ շաքարավազի, 1 պտղունց աղի և վանիլինի հետ հարում ենք, մինչև սպիտակ զանգված ստանանք: 2 փոքր ձու ենք ավելացնում և այնքան հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:

Վրան ենք լցնում փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և զգուշորեն խառնում: Կտրատած շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Հալեցրած շոկոլադը կարագով զանգվածի մեջ ենք լցնում և զգուշորեն խառնում:

Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում (կարող ենք մատները ջրում թրջել և մատներով հավասարեցնել): Թխում ենք 8 րոպե և սառեցնում:

Պատրաստում ենք սուֆլեն: Ժելատինը թրջում ենք սառը կաթի մեջ: Շաքարավազը թթվասերի հետ հարում ենք, մինչև վերջինս լուծվի:

Սերուցքը մեկ այլ ամանի մեջ հարում ենք:

Թթվասերային զանգվածը զգուշորեն խառնում ենք հարած սերուցքի հետ:

Ժելատինով կաթը թույլ կրակին անընդհատ խառնելով եփում ենք, մինչև ժելատինը լուծվի, և տաք կաթն աստիճանաբար լցնում ենք սուֆլեի մեջ՝ զգուշորեն խառնելով:

Սուֆլեն լցնում ենք շերտի վրա և գիշերը թողնում սառնարանում:

Ժելեն պատրաստում ենք ըստ տուփի վրա նշված ցուցումների, որպեսզի տորթը ձևավորենք: Բանաններն ու ելակը խոշոր կտրատում ենք և դնում տորթի վրա:

Այնուհետև վրան ենք լցնում ժելեն և տորթը դնում սառնարանում:

Պատրաստ է:
