Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հնարավոր է՝ կրկին հաղթի ընդդիմադիր թեկնածուն


10:19 , 23 մայիս, 2019

Մարտի 31-ին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին հաղթած ընդդիմադիր Էքրամ Իմամօղլուն կրկին կմասնակցի ընտրություններին:

Հիշեցնեմ, որ Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունները, չեղարկեց ընտրված քաղաքապետի վկայականը և սույն թվականի հունիսի 23-ին նշանակեց նոր ընտրություններ:

Ընտրությունների արդյունքներ կանխատեսելը համարվում է բավականին ռիսկային, սակայն փորձեմ հայտնել իմ կանխատեսումները: Կարծում եմ, որ այս ընտրություններին հաղթելու է կրկին ընդդիմադիր թեկնածուն, ընդ որում՝ հավաքելու է շատ ավելի ձայն, քան նախորդին:

Իմամօղլուն իր քարոզարշավը շատ ճիշտ թիրախներով է կազմակերպում: Եթե նախկին ընտրության քարոզարշավի ժամանակ խոսում էր Թուրքիայի ընդհանրական վատ վիճակի մասին, ապա այսօր նա թիրախավորել է հենց Ստամբուլը: Մի քանի օր զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը՝ հավաքել է ահռելի տեղեկություն ֆինանսա-տնտեսական քաղաքականության վերաբերյալ և այժմ դրանք որպես զենք է օգտագործում։