Ադրբեջանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչները վերանորոգման աշխատանքներ են անցնում Լվովի գործարանում


12:20 , 4 մայիս, 2019

2017-ին Ուկրաինայի Լվովի պետական ավիացիոն վերանորոգման գործարանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչները վերանորոգման աշխատանքներ են անցնում իրենց գործարանում՝ չնշելով ստույգ քանակը։ 

Օրերս ուկրաինական ZIK հեռուստաընկերությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, որ Ադրբեջանի 15 միավոր (տեղեկությունը բաց աղբյուրներից) МиГ-29 կործանիչներից առնվազն երկուսն այս պահի դրությամբ գտնվում են նշված գործարանում։ 

Կան տեղեկություններ, որ կործանիչներն արդիականացվում են մինչև МиГ-29МУ-1 մակարդակի, այսինքն` օդային թիրախների հայտնաբերման հնարավորությունների բարձրացում, ինքնաթիռի նշանակված վայր դուրս բերման ճշգրտության բարելավում, ինքնաթիռի, շարժիչի և մի շարք բորտային համակարգերի տեխնիկական վիճակի ֆունկցիոնալ պարամետրերի հսկողության և գրանցման հնարավորությունների ընդլայնում։