Սաուդյան Արաբիայի արտասովոր ջերմացումը Հայաստանի հետ պայմանավորված է թուրք-սաուդյան հարաբերությունների լարվածությամբ


13:20 , 25 ապրիլ, 2019

Հայաստանն ու իսլամական /արաբական աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիան 1991թ.-ից ի վեր դեռևս չեն հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն երեկ՝ ապրիլի 24-ին, սաուդական առաջատար մամուլը, որոշ հայտնի լրագրողներ ու համացանցային ակտիվ օգտատերեր լայնորեն անդրադառնում էին Հայոց ցեղասպանության թեմային՝ դատապարտելով Թուրքիային ու «ոգեկոչելով անմեղ հայ զոհերին»՝ միևնույն ժամանակ անուղղակի խոսելով հայ-սաուդական հարաբերությունների մասին։ Որպես օրինակ կցում եմ գլխավոր անգլալեզու սաուդական պարբերականի՝ Arab News-ի թվիթերյան էջի գլխանկարը (միայն այս պարբերականը 5-ից ավել նյութ էր հրապարակել երեկվա ընթացքում)։

Arab News-ի թիրախային լսարանը Սաուդյան Արաբիայում աշխատող դիվանագետներն են, բիզնեսմեններն ու քաղաքական գործիչները։ Ահա պրոհայկական հոդվածներից մեկի հղումը։ Հատկանշական է, որ սաուդական քարոզչության մեջ առանձին տեղ էր հատկացված հայ-արաբական՝ օսմանցի թուրքերից տուժած լինելու «համատեղ ճակատագրին»։

Նման արտասովոր ջերմացման պատճառը, ցավոք, դուրս է երկկողմ հարաբերությունների շրջանակից։ Այն գերազանցապես պայմանավորված է վերջին շրջանում թուրք-սաուդյան հարաբերությունների ուժեղ լարվածությամբ (հատկապես 2018թ. աշնանը Ստամբուլում Սաուդյան հյուպատոսության շենքում սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջ. Խաշոգչիի աղմկահարույց սպանությունից հետո)։ Պաշտոնական Անկարան և Ռիյադը պարբերաբար փոխանակվում են փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով, և Հայոց ցեղասպանությունը լավ առիթ է սաուդների համար (նույն բանը կարելի էր նկատել վերջերս Եգիպտոսում)։ Եւ չնայած այս հանգամանքին՝ իմ համեստ կարծիքով՝ ստեղծված ֆոնը նուրբ ու գրագետ զարգացման պարագայում կարող է իր փոքրիկ նպաստը բերել Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերություններն ավելի արագ հաստատելու գործում։ 

Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները կարող են մեզ համար նոր՝ լրացուցիչ օղակ դառնալ մեր կողմից պրոակտիվ մերձավորարևելյան քաղաքականություն իրականացնելու համար, որն իր հերթին ռազմավարական նշանակություն ունի։