Եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը


20:33 , 8 ապրիլ, 2019

Սիրելիներ,

Ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերՆ անիմաստ են եղել:

Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին ու ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը:

Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը, իսկ դա նշանակում է՝ պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Ուրեմն՝ ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերն անիմաստ են եղել:

Միացյալ Նահանգներ իմ այցն անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն, բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն, փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը: