Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական միտումներ է պարունակում. Ռուբեն Ռուբինյան


15:00 , 30 մարտ, 2019
Artsakhpress.am-ը գրում է․
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ երեկ Վիեննայում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից, ինչպես և ակնկալվում էր, դարակազմիկ արդյունքներ չեն եղել:
«Սա բարդ գործընթաց է: Սակայն կարծում եմ, որ մինչ այժմ արված հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ հանդիպումը դրական էր այն առումով, որ կողմերը խոսել են, քննարկել, կիսվել միմյանց հետ ունեցած դիրքորոշումներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում երեկ հայ համայնքի հետ մանրամասնել է, որ կան տարբեր հնարավորություններ, օրինակ, որ երկու կողմերում գտնվող անձինք, որոնք դատված են, անկախ նրանից նրանք արդար են դատված, թե ոչ, նրանց բարեկամները, հարազատները պետք է հնարավորություն ունենան այցելելու այդ մարդկանց, կամ սահմանային գոտում գտնվող գյուղացիների համար պետք է հնարավորություն ստեղծվի, որ նրանք կարողանան վարուցանք անել առանց իրենց կյանքը վտանգի տակ դնելու»,- նշել է Ռ. Ռուբինյանը: