«Որոշ նախկին իշխանավորներ Հայաստանի դեմ են աշխատում». Միքայել Զոլյան (Video)


16:30 , 5 մարտ, 2019

Aravot.am-ը գրում է․

Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ  պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսպես է հասկացել. «Նախկին իշխանությունները հաճախ որոշումներ էին ընդունում` ելնելով իրենց` կոնկրետ մարդկանց, կոնկրետ անձնական շահերից, այլ ոչ թե ՀՀ-ի եւ պետության շահերից:

Եվ այդ որոշումները, հաճախ չէին համընկնում ՀՀ-ի շահերին»: Հստակեցնող հարցին`գործակալները, նախկին իշխանության ներկայացուցիչնե՞րն են, Միքայել Զոլյանը արձագանքեց. «Այդ հարցը պետք է տալ վարչապետին»: Պատգամավորը նկատում է, որ այսօր էլ նախկին իշխանությունների «որոշ ներկայացուցիչներ, որոշ հարցերում Հայաստանի դեմ են աշխատում» եւ փորձում են դրսում տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ինչ-որ գործընթացներ են գնում: Նա այդ մեղադրանքն անհասցե չի համարում: Ասում է`ում ուղղված էր, հաստատապես հասկացել են:

Aravot.am-ը խնդրեց հստակեցնել`նախկին իշխանության ո՞ր գործիչներն են Հայաստանի դեմ աշխատում: Միքայել Զոլյանն ասաց, որ չի ցանկանում «շատ խորանալ», քանզի առանց այդ էլ իրենց անընդհատ մեղադրում են նախկին իշխանություններին մեղադրելու համար: Հորդորեց հետեւել լրահոսին եւ նախկինների գործունեությանը եւ ամեն ինչ պարզ կլինի: Այլ մանրամասները`տեսանյութում