Fake news-ի այս գերատեսչության իրական նպատակն իշխանության համար ոչ ցանկալի լրատվական նյութերն արգելափակելը կամ հեռացնելն է


17:30 , 2 մարտ, 2019
Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն», որը հետապնդում է կեղծ լուրերի դեմ պայքարելու նպատակ։ Fake news-ի այս գերատեսչության կամ, ինչպես իշխանությունն է որակում, կենտրոնի իրական նպատակը պարզից էլ պարզ է՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ իշխանության համար ոչ ցանկալի լրատվական նյութերն արգելափակելը կամ հեռացնելը։ Այն, որ հիշյալ ՊՈԱԿ-ն իր կանոնադրությամբ նախատեսված նման որևէ ֆունկցիա չունի, պարզ է դառնում այդ փաստաթուղթն ուսումնասիրելիս, բայց որ պետական մարմիններն այդ չափ անտեղյակ են ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթներից և համապատասխան միջազգային կառույցների հանձնարարականներից, արդեն զավեշտ է։ Այս կառույցն իրականում խոսքի ազատության սահմանափակման, մամուլի ազատ գործելու իավունքի խոչընդոտման և բազմակարծության դեմ տոտալ ռեպրեսիաների կիրառման, իրենց լեզվով ասած, ունիվերսալ մարմին է լինելու։ Վերջինիս գործողությունների արդյունքում, ինչպես և կառավարության գործունեության շատ ուղղությունների դեպքում է, հանգեցնելու է միջազգային դատական ատյանների կողմից ՀՀ դեմ ընդունվող որոշումների աննախադեպ աճի, որ հետևանքների կրողը լինելու ենք ինչպես մենք՝ հասարակ քաղաքացիներս, այնպես էլ ՀՀ հպարտ քաղաքացիները։ Հարցին տարակուսանքով անդրադարձել էր նաև Դանիել Իոաննիսյանը, ում sut.am կայքը վերջերս անվանափոխվել է փաստերի ստուգման հարթակի։ Ամենայն հավանականությամբ, վունդերկինդ երիտասարդը նոր ստեղծված կենտրոնը «լուրջ մրցակից» է համարում իրեն, որովհետև երկուսի գործունեությունն էլ, ըստ էության, կրում է նույն բնույթը՝ «ստուգել» և ներկայացնել այն, ինչ հաճո է յուրայիններին։