Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իսրայելի քաղաքական դաշտում


11:10 , 23 փետրվար, 2019

Ապրիլի 9-ին Իսրայելում նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել այդ երկրի քաղաքական դաշտում։ Եթե իշխող «Լիքուդ» կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց միավորել աջ կենտրոնամետ ուժերին մեկ նախընտրական դաշինքում, ապա մրցակից ձախ կենտրոնամետ ուժերի ճամբարում հաջոողվեց ձևավորել բավական ուշագրավ քաղաքական միավորում։

Նորաստեղծ «Կապույտ և սպիտակ» անվանումը ստացած միավորմանն արդեն իսկ իսրայելական հասարակության մեջ անվանում են «գեներալների դաշինք», քանի որ նրա ընտրացուցակի առաջին քառյակում են միաժամանակ 3 գեներալներ՝ «ՑԱՀԱԼ»-ի 3 նախկին ԳՇ պետեր՝ 1. Բենի Գանցը, 3. նախկին ՊՆ Մոշե Յաալոնը, 4. Գաբի Աշքենազին։ Իսկ ցուցակի 2-րդ համարը ձախ կենտրոնամետ «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն է, ով դաշինքի հաղթանակի դեպքում ռոտացիոն կարգով վերջին 2,5 տարում փոխարինելու է Գանցին վարչապետի պաշտոնում։

Նոր դաշինքի ձևավորումից հետո անցկացված սոցհարցումների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում այն կարող է ստանալ 36 տեղ այն դեպքում, երբ գլխավոր մրցակից Լիքուդ»-ն ընդամենը 26 մանդատ ունի, մինչդեռ 60+1 տեղով քաղաքական կոալիցիա ձևավորելու հարցում 2 ուժերի հնարավորություններն էլ գնահատվում են հավասար։

Ստեղծված իրավիճակն այնքան է մտահոգել բավական հակասական վարկանիշ ունեցող վարչապետ Նեթանյահուին, որ նա 1 շաբաթով հետաձգել է ամիսներ առաջ նախանշված այցը Ռուսաստան, որի նպատակը վերջին կես տարում Սիրիայում Մոսկվայի և Թել Ավիվի միջև ծագած խնդիրների հանգուցալուծումն է Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում։