Բոլթոնը եւ Ալիեւը քննարկել են Արցախի հիմնախնդիրն ու հակամարտության կարգավորման հեռանկարը


11:00 , 30 հունվար, 2019

Yerkirmedia.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Արցախի հիմնախնդիրն ու հակամարտության կարգավորման հեռանկարը։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Բոլթոնը:

«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության շուրջ», — գրել է նա:

Տեղի ունեցած զրույցի այլ մանրամասներ Բոլթոնը չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ Դավոսում հունվարի 22-ին Ալիեւի հետ հանդիպումից հետո,  ԱՄՆ նախագահի խորհրդականը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը՝ զրույցի ժամանակ Արցախի հիմնախնդրին անդրադարձ չի եղել: