«Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին` տոգորվելու հաղթանակների վստահությամբ». Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել


11:29 , 28 հունվար, 2019

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական բանակն արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության:

Մենք հավատում ենք, որ Հայոց բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ: Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ, ջանք ու ավանդ բերելու Հայաստանի ու Արցախի շենացմանն ու զարգացմանը և իրագործելու առաջընթացի ու ազգային զարթոնքի մեր տեսիլքները: Մեր հայրենաշեն գործերը պիտի պանծացնեն նաև հիշատակն իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների:

Աստվածակառույց Մայր տաճարի սուրբ սեղանի առջև մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ամենախնամ Տերն իր շնորհների և օրհնության ներքո պահպանի մեր բանակի սպաներին ու մարտիկներին` զորացնելով ամուր հավատքով, ուժ ու կորով պարգևելով իրենց պանծալի ծառայության մեջ և նպատակների իրագործում ու երջանկություն իրենց կյանքում:

Թող Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, խաղաղ ու ապահով շենանա և զորանա հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: