ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանտից ուղերձ է հղել իր կողմնակիցներին:
Այս մասին հայտնում է 2rd.am-ը:
Ուղերձում Քոչարյանը անդրադարձել է ՀՀ-ում տիրող քաղաքական, տնտեսական և արտաքին իրավիճակին, իրեն վերագրվող գործի մանրամասներին:
ՀՀ երկրորդ նախագահի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Հարգելի՛ գործընկերներ, թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը:
Արդեն իսկ պարզ է, որ տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի, որ բազմաթիվ անիրականանալի և պոպուլիստական խոստումների տխուր ու կանխատեսված հետևանքն է լինելու: Իսկ տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր արձանագրվող կոպիտ սխալների գինը չափազանց թանկ է լինելու: Ավաղ, այդ գինը վճարելու է մեզանից յուրաքանչյուրը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած վրիպում (իսկ այդպիսիք արդեն կան) կարող է անդառնալի ու ճակատագրական հետևանքների հանգեցնել:
Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: