«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Քաղաքական համակարգի զարգացման ճանապարհով գնալու համար մենք պետք է ոչ միայն մեր բառապաշարից, այլև մեր ուղեղից հանենք «իշխող կուսակցություն» եզրը: Ժողովրդավարական հասարակարգում կուսակցությունը չպիտի իշխի, պաշտոնյաները չպիտի իրենց աթոռները ստանան, ինչպես ասում են, «չերեզ Մելիք-Ադամյան» կամ որևէ այլ փողոց: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է բազմակուսակցական խորհրդարանի և կառավարության միջոցով:
Այդ համատեքստում ինձ այսպիսի հարցեր են հետաքրքրում. արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում և, ասենք, «Քաղաքացիական պայմանագրի» համագումարներում որոշումներն ընդունվելու են միաձա՞յն: Արդյոք իշխող կուսակցության մեջ կգտնվե՞ն մարդիկ, որոնք հրապարակավ կքննադատեն ղեկավարության կուրսը: Շեշտում եմ՝ հրապարակավ: Թե չէ նախորդ իշխող կուսակցության ներկայացուցիչները մեզ մշտապես հավաստիացնում էին՝ «մեզ մոտ լուրջ բանավեճեր են տեղի ունենում, մի՛ կարծեք, թե բոլորը միշտ ծափահարում են առաջին դեմքին»: Ճիշտն ասած, գրեթե վստահ եմ, որ միշտ ծափահարում ու գովերգում էին, և, ի դեպ, հենց այդ գովերգողներն էին, որ առաջին իսկ վտանգի պահին փախան կուսակցությունից և խմբակցությունից: Իսկ եթե «Իմ քայլում» կամ ՔՊ-ում հայտնվեն այլախոհներ, ի՞նչ են նրանց մասին ասելու իշխանությանը համակրող լրատվամիջոցները և հ/կ-ները, որոնք այսօր մեծամասնություն են կազմում: Դատելով նրանից, թե ինչպես էին «այլախոհներին» վերաբերվում ՀՀՇ-ում, այստեղ խնդիր կարող է առաջանալ: Այս առումով Կոմկուսի և ՀՀԿ-ի մասին նրանց «իշխանական» կարգավիճակում խոսելն ավելորդ է, որովհետև այնտեղ այլախոհներ ի սկզբանե չկային: