Հանուն մեր նյարդերի - 198


02:46 , 24 դեկտեմբեր, 2018
Իրար շատ նման երկվորյակ եղբայրներ կան բառերի աշխարհում: Մեկի անունը ՇՈՒՐՋ է, մյուսինը՝ ՇՈՒՐՋԸ: Բառարաններում այս բառերը հաճախ իրար հետ են հանդես գալիս, համարյա անբաժան: Երկվորյակներն իրար այնքան նման են, որ մարդիկ հաճախ շփոթում են՝ մեկը մյուսի փոխարեն գործածելով: 
Բայց տարբերակելն այնքան էլ դժվար չէ: Ահավասիկ:
ՇՈՒՐՋԸ, երբ շուրջբոլորի՝ տարածական իմաստով ենք գործածում: Օրինակ՝ Երեխաները պտտվում էին պսպղուն տոնածառի ՇՈՒՐՋԸ:
ՇՈՒՐՋ, երբ «մասին, վերաբերյալ» իմաստով ենք գործածում: Օրինակ՝ Կարևոր հարցի ՇՈՒՐՋ շուտով քննարկում կլինի: 
Էլի ՇՈՒՐՋ, երբ «մոտ, մոտավորապես» (ոչ թե մոտովորապես) ենք ուզում ասել: ՇՈՒՐՋ երկու տարի խոսում ենք հայերենի հոգսերից:
Վերջ: Այս մի հարցն էլ պարզեցինք:
Նյարդե՞ր: Այս նախատոնական օրերին ի՞նչ նյարդեր:
Բոլորս խաղաղ ենք, երբ ամեն ինչ լավ է...