5 պարզ կանոն՝ սրտի կաթվածից խուսափելու համար


04:43 , 7 դեկտեմբեր, 2018

Պսակաձեւ զարկերակի հիվանդությունը, միանգամայն կանխարգելելի լինելով հանդերձ, շարունակում է համար մեկ «դահիճը» մնալ Միացյալ Նահանգներում: Շվեդ գիտնականների նախաձեռնությամբ վերջերս իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսակերպի պարզ փոփոխություններով կարելի է սրտի կաթվածի առաջացման ռիսկի՝ 80 տոկոսի չափով նվազեցման հասնել:

Խոսքը, մասնավորապես, 5 փոփոխությունների մասին է, որոնք բոլոր տարիքի տղամարդկանց եւ կանանց համար կարող են օգտակար գտնվել, և որոնց իրականացման համար դեղամիջոցներ, վիրահատություն կամ որեւէ թանկարժեք սարքավորման առկայություն չեն պահանջվում:

Ստոկհոլմում գործող Կարոլինյան ինստիտուտի գիտաշխատողները վերջին մեկ տասնամյակի ընթացքում տարբեր հետազոտություններով ստացված ավելի քան 20 հազար առողջ տղամարդկանց վերագրվող տվյալներ են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ սրտի կաթվածի եւ վարքագծի 5 հատկանիշների միջեւ բավականին սերտ կապ է գործում:

Հետազոտությամբ ապացուցվել է, որ ամենաառողջն են եղել այն մասնակիցները, որոնք

• Սրտի համար առողջարար սննդակարգի են հետեւել,

• Պարբերաբար մարզվել են,

• Իրանի փոքր շրջագիծ են ունեցել (առողջ քաշ են պահպանել),

• Չեն ծխել,

• Քիչ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել։

Հատկանշական է, որ տվյալ խմբում ներգրավված մասնակիցներն օրական առնվազն 40 րոպե քայլել են կամ հեծանիվ քշել, բացի այդ էլ՝ շաբաթական առնվազն մեկ ժամ ֆիզիկական վարժություններին են հատկացրել եւ իրանի՝ 95 սմ-ից քիչ երկարություն ունեցել:

Սրտի համար առողջարար սննդակարգը մրգեր, բանջարեղեն, ոլոռնաբույսեր, ընդեղեն, ցածր յուղայնությամբ կաթնամթերք եւ ձկնեղեն է ներառել:

Վերը հիշատակված կանոններին հետեւող մասնակիցների մոտ, ի համեմատություն դրանք ամբողջությամբ անտեսողների, սրտի կաթվածի առաջացման 80 տոկոսի չափով նվազ ռիսկ է նկատվել:

Այդուհանդերձ, ներկայումս Միացյալ Նահանգների բնակչության չնչին փոքրամասնությունն է կենսակերպի նկարագրված հատկանիշների ջատագովը հանդիսանում:

Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող բնածին սրտանոթային հիվանդությունների կենտրոնի տնօրեն, սրտաբան Ռիչարդ Կրասուսկին ընդգծել է, որ ասվածը նաեւ կանանց է վերաբերում: «Ամենալավ նորությունն այն է, որ երբեք ուշ չէ սկսելու համար: Ճիշտ է, լավ կլինի վաղ տարիքում պահանջվող փոփոխությունների մեկնարկը տալ: Ամեն դեպքում, անկախ տարիքից, ապագա դիվիդենտները միշտ էլ երաշխավորված են»,- նշել է նա:

Մասնագետները խորհուրդ են տալիս նախապես բժշկի հետ զրուցել՝ սրտի կաթվածի կամ սրտանոթային հիվանդության առաջացման ռիսկը պարզելու համար եւ միասին պարզ, բայց եւ համադրության մեջ հզոր փոփոխություններ պլանավորել՝ սրտի առողջությունը վերահսկողության տակ պահելու նպատակով: