Ջորջ Սորոսի կազմակերպությունը կհեռանա Թուրքիայից


11:27 , 27 նոյեմբեր, 2018

Միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը հայտարարել է, որ կդադարեցնի Թուրքիայի տարածքում իրականացվող գործունեությունն ու կհեռանա այդ երկրից: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ որոշմանը նախորդել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից միլիարդատիրոջն ուղղված մեղադրանքները, համաձայն որոնց՝ Սորոսն իր կազմակերպության միջոցով փորձում է պառակտություն մտցնել ու կործանել ազգերը:

Կազմակերպության պատասխան հայտարարությունում նշվում է, որ «Բաց հասարակության հիմնադրամները» թուրքական լրատվամիջոցներում անհիմն մեղադրանքների թիրախ է դարձել, ինչն էլ անհնար է դարձնում այդ երկրում կազմակերպության ապագա գործունեությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, որ «Թուրքիայում տեղի ունեցած որոշ բողոքի ակցիաների մասնակիցները ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամի կողմից»:

«Ո՞վ է նրանց հետևում կանգնած՝ հայտնի հունգարացի հրեա Ջորջ Սորոսը: Նա այն մարդն է, որը մյուսներին կարգադրում է պառակտել ազգերն ու թուլացնել դրանք: Նա այնքան շատ գումար ունի, որ ծախսում է նման բաների վրա»,- ասել էր Էրդողանը: