Մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ ցանկացած պահի Հայաստանը կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ


00:45 , 18 նոյեմբեր, 2018
Հայաստանի համար սեփական ավտանգությունն ապահովելու գործընթացում գերխնդիրը պետք է լինի առավելագույնի օգտագործմամբ հակառակորդին սանձելը և հակամարտության գծի երկայնքով մշտապես սեփական օրակարգը թելադրելը։
Ինքնախաբեությամբ չզբաղվենք․ Մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ ցանկացած պահի Հայաստանը կարող է ներքաշվել անմիջական ռազմական գործողությունների մեջ, ավելին, դառնալ ռազմական ագրեսիայի օբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ ներքաշվել իրեն պարտադրված պատերազմի մեջ։
Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը պետք է ձգտի ստեղծելու այնպիսի զինված ուժեր, որոնք վերը նշված իրադրության պայմաններում ունակ կլինեն ամբողջովին ոչնչացնելու հակառակորդի ռազմական ուժը և կազմալուծելու նրա տնտեսական համակարգը: 
Հայաստանը պետք է գիտակցի, ելնելով նաև ոչ վաղ անցյալի պատմական կոնկրետ իրողություններից, որ սեփական անվտանգությունն ապահովելու գործում Ադրբեջանի հետ հակամարտության որևէ ռազմական փուլում հնարավոր չէ ապավինել որևէ ռազմավարական դաշնակցի, ուստի անհրաժեշտ է ստեղծել այնպիսի անվտանգային ու պաշտպանական համակարգ, որը հնարավորություն կտա անգամ կրիտիկական իրավիճակներում արագ արձագանքելու և հաջող ելք գրանցելու համար։