Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին


05:48 , 16 նոյեմբեր, 2018

Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է SAS սուպերմարկետը: Այդպիսին էին սովետական ժամանակաշրջանի պահանջները։ Ինչպես տեսնում ենք, հեռացվում էր Ամիրյան փողոցի աջակողմյան մասի հին շենքերի շերտը, քանի որ նպատակ էր դրված լայնացնել Երևանի կենտրոնի փողոցները: 

Ամիրյանը մեր քաղաքի հնագույն փողոցներից է: Դեռևս 1860-ականներից այն կրում էր Նազարովսկայա անունը՝ Երևանի նահանգի նահանգապետի անունով: 1918-20 թթ. Առաջին հանրապետության օրոք քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացին: Այդ ժամանակ անվանափոխվում է նաև Նազարովսկայան, որը սկսում է կրել Քրիստափորի՝ ազգային գործիչ Քրիստափոր Միքայելյանի անունը: Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921-ից, այս և Երևանի կենտրոնի համարյա բոլոր փողոցներն արագ կերպով «բոլշևիկացվեցին»: Քրիստափորի փողոցը սկսում է կրել բաքվեցի բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունը: 1991-ի անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվում է Վռամշապուհ արքայի անունով, սակայն դա կարճ է տևում, և փողոցին կրկին վերադարձվում է Ամիրյանի անունը: