Չիչխան. բուժում է ոչ միայն պտուղը


15:56 , 9 նոյեմբեր, 2018

ՀՀ բնական պայմաններում աճող հատապտուղները բազմաթիվ են, սակայն չիչխանն իր բարձր պտղաբերությամբ և բուժիչ հատկություններով գերազանցում է այլ հատապտուղներին։

Չիչխանի պտղից ստացված յուղը վառ նարնջագույն է, իսկ սերմից ստացվածը` դեղնավուն. դրանք տարբերվում են նաև քիմիական բաղադրությամբ։

Ճարպայուղեր է պարունակում նաև բույսի կեղևը (մինչև 3%), որի քիմիական բաղադրությունը և քիմիական հատկություններն այլ են, քան պտղինը և սերմինը։

Պտղից ստացված յուղը պարունակում է 0,35% կարոտին և այլ կարոտինոիդներ, մեծ քանակությամբ` 0,165% տոկոֆերոլներ, տիամին և ռիբոֆլավին, նաև զգալի քանակությամբ վիտամին F, որը կարգավորում է մաշկի նյութափոխանակությունը։

Չիչխանի յուղը նախատեսված է և՛ ներքին, և՛ արտաքին օգտագործման համար։ Ունի ցավազրկող ազդեցություն, վերքամոքիչ և հակաբորբոքային հատկություններ, ինչի շնորհիվ լայնորեն կիրառվում է վիրաբուժական, այրվածքաբանական և գինեկոլոգիական բնագավառներում։

Չիչխանի յուղն անփոխարինելի միջոց է ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի, տոնզիլիտի, պարոդոնտոզի, ստոմատիտի դեպքում։ Չիչխանի յուղը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և կարգավորում է նյութափոխանակությունը, խորհուրդ է տրվում խմել կերակրափողի և ստամոքսի խոցի դեպքում։

Ժողովրդական դեղատոմսեր

Որքին

Տրորեք թարմ պտուղը կամ բաժանեք 2 մասի և քսեք մաշկի հիվանդ մասին։

Փսորիազ

Խառնեք չիչխանի 100 գ չոր պտուղ և 1 ճ/գ երիցուկի ծաղիկ։ Հումքը լցրեք 200 մլ եռացրած ջրի մեջ, 10-15 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։

Թուրմի մեջ լուծեք 100 մլ կաթ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 10 րոպե թրմեք փակ կափարիչի տակ։ Մշակեք մաշկը սառը թուրմով։ Երիցուկի փոխարեն կարելի է օգտագործել ծիծեռնախոտ, որը նույնպես ունի հանգստացնող հատկություն, ընդամենը 1 ճ/գ։

Գործողությունը կատարելուց հետո մաշկը պետք է մշակել չիչխանի յուղով։

Էկզեմա

Խառնեք եղեսպակի տերև, մատուտակի արմատ, հազարատերևուկի խոտ, չիչխանի տերև (3։3։3։2)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։

Մզեք հումքը,խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Խառնեք հավասար քանակությամբ կատվալեզվի խոտ, եղինջի խոտ, մատուտակի և չիչխանի արմատներ։ 2 ճ/գ հումքը լցրեք 300 մլ եռացրած ջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ ուտելուց առաջ։

Տրոֆիկ խոցեր

Մանրացրեք, խառնեք 30-ական գրամ երիցուկի ծաղիկ, սրոհունդի խոտ, չիչխանի պտուղ, 5-7 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, տեղադրեք վերքի վրա և ամրացրեք։

Ստամոքսահյութի բարձր թթվայնություն

Աղացեք չիչխանի տերևը, զտեք հյութը, խառնեք չիչխանի պտղահյութի և կաթի հետ (1։1։2)։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ ուտելուց առաջ, 1 ճ/գ մեղրի հետ։

Ստամոքսի խոց

Խմեք 1-ական ճ/գ չիչխանի պտղի հյութ օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ։

Կերակրափողի ուռուցք

Խմեք 1-ական ճ/գ չիչխանի յուղ օրը 2-3 անգամ։ Խորհուրդ է տրվում ճառագայթային թերապիայի ընթացքում և բուժումից հետո` 15-20 օր։

Լուծ

Խառնեք 10-ական գրամ չիչխանի մանրացրած տերև և մատղաշ ճյուղ։ Լցրեք 250 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք միջին կրակի վրա, քամեք։ Խմեք 2-ական թ/գ, օրը 4 անգամ։

Անեմիա

Կերեք չիչխանի պտուղ կամ չիր։ Խառնեք չիչխանի տերևը և ճյուղը, 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք սառը կամ գոլ վիճակում։

Հոդատապ

Չիչխանի 1 ճ/գ տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ։ Գրիպ. Չիչխանի 20 գ թարմ կամ սառեցրած պտուղը 24 թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 50-ական մլ օրը 3-5 անգամ, ուտելուց հետո։

Զգուշացում․ հակացուցված է լյարդի հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքման (պանկրեատիտ և խոլեցիստիտ), նաև 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։