Կուսակցություն հիմնելը, ինչը ձայներ է խլելու հիմնական հեղափոխական ուժից, հարված է Փաշինյանին՝ մեջքից


16:30 , 4 նոյեմբեր, 2018
Սրա մասին գրել եմ, բայց ստիպված եմ կրկնել. Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո արձանագրել եմ նրա կատարած սխալները, ընդ որում՝ ոչ սարկաստիկ ոճով, քանի որ գնահատել եմ նրա կատարած հիմնական գործը: Իսկ սխալների արձանագրումն էլ ունեցել է հետայսու նրան սխալներից զերծ պահելու նպատակ: Այլապես եթե իշխանավորին անընդհատ ասվի, որ վերջինս անսխալական է, ապա ինքն էլ կհավատա դրան և կտապալի իր սկսած գործը. վկա ջրի աղբյուրը փակած հրեշին սպանող երիտասարդի՝ հրեշի վերածվելու անընդհատ գործընթացը: Սակայն ԱԺ-ի ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ նրան սխալ հանելն այն անձանց կողմից, ով ինձ սերժական էր համարում անձամբ Նիկոլի սխալները բացահայտելու պատճառով, հարված է նրան մեջքից: Էլ չեմ խոսում առանձին կուսակցություն հիմնադրելու մասին, ինչը բնականաբար ձայներ է խլելու հիմնական հեղափոխական ուժից՝ առանց խորհրդարան մտնելու երաշխիքի: Իսկ այդ ձայները հետո արդեն համամասնորեն կբախշվեն անցյալից ժառանգված կուսակցությունների օգտին. կարծում եմ, որ դրանից լավ ծառայություն քրեաօլիգարխիան չէր էլ կարող սպասել արմատական հեղափոխականներից: ՀԳ. Ի դեպ, արմատականությունը բոլոր ժամանակներում հակադիր քաղաքական ուժերը կապող դասական միջոց էր: