Զամանլուի կամուրջն իր ժամանակի համար Հարավային Կովկասում նմանատիպի կառույցների շարքում համարվել է բացառիկ


08:37 , 3 նոյեմբեր, 2018

Զամանլուի կամուրջը՝ 19-րդ դարի վերջի լուսանկարում

Զամանլուի (Զամառլու) կամ Շահալիի երկաթուղային կամուրջը գտնվում է Լոռվա լեռնանցքի գեղատեսիլ կիրճում՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Զամանլու (այժմ՝ Վահագնի) գետակի վրա՝ Վահագնաձոր գյուղի մերձակայքում։ Կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցման ընթացքում։ 

Զամանլուի կամուրջն իր ժամանակի համար բավականին բարդ լուծումներով ինժեներական կառույց է հանդիսացել և Հարավային Կովկասում նմանատիպի կառույցների շարքում համարվել է բացառիկ: Աշխատանքների հիմնական դժվարությունները կապված էին լեռնային պայմաններում կամրջի առանձին ֆերմաների տեղափոխման, հավաքման և տեղադրման հետ: 1898-ի հոկտեմբերին կամուրջն արդեն պատրաստ էր, և նրա վրայով անցավ առաջին գնացքը, որում, ըստ ավանդույթի, գտնվում էին կառույցի պատասխանատուների՝ գերմանացի ճարտարագետների ընտանիքի անդամները: 
Կամուրջն ունի 256 մետր ընդհանուր երկարություն, հենասյուների բարձրությունը մոտ 30 մետր է: 2012-ին Զամանլուի հին կամրջին զուգահեռ կառուցվել է նոր երկաթուղային կամուրջ, և գնացքների երթևեկությունը ներկայումս ընթանում է այդ նոր կամրջով: