«Առավոտ». Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» և «թշնամիների». պետության ներսում թշ­նամիներ պետք է ընդհան­րապես չլինեն


11:10 , 21 սեպտեմբեր, 2018

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեա­կան արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հան­դուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների բծախնդիր կատարմամբ, օրինախախտումների նկատմամբ համատարած անհանդուրժողակա­նությամբ: 

Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» (օրինակ՝ ոստիկանական գն­դի վրա հարձակվողները) և «թշնամիների» (ասենք՝ բյուջեի գումարները թալանողները): Թշ­նամիներ պետության ներսում պետք է ընդհան­րապես չլինեն. չափանիշը մեկն է՝ խախտել է օրենքը-չի խախտել: Եթե չի խախտել, մնացածը՝ համոզմունքները, կուսակցական պատկանելու­թյունը, դավանանքը և այլն, բոլոր դեպքերում հարգանքի է արժանի:

Եթե խախտել է, նրան պետք չէ պատերով տալ, քառատել կամ վառել, նրան պետք է դատել օրենքի տառին համապա­տասխան՝ տալով պաշտպանության լայն հնա­րավորություններ:

Բայց եթե անգամ դատա­պարտվել է լրջագույն հանցագործության համար, նրա նկատմամբ չարժե ատելություն սերմանել՝ անհանդուրժելի է հանցագործությունը, ոչ թե ան­ձը:

Իմ երազած պետությունում չկա նախանձ, խանդ, քծնանք, ստորացում: Եթե իմ հարևանն ինձնից հաջողակ է, ես չպիտի ելնեմ այն կան­խավարկածից, որ նա այդ հաջողություններին հասել է անազնիվ ճանապարհով, և կյանքից նե­ղացածի կերպարանք ընդունեմ: Մանավանդ, որ «հաջողակի» տակ կարելի է հազար ու մի բան հասկանալ, ու դեռ պարզ չէ, թե որքանով են ճշգրիտ հաջողության ընդունված «միջին վիճա­կագրական» չափանիշները: Սոցիալական համե­րաշխությունը, իմ կարծիքով, ենթադրում է ամեն մի քաղաքացու, այդ թվում՝ սեփական ունիկալ արժեքի հստակ գիտակցություն»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: