Նաիրա Զոհրաբյանը դիմում է գլխավոր դատախազին. Հարցաքննության կանչեք Լենա Նազարյանին


00:00 , 21 սեպտեմբեր, 2018

Aravot.am-ը գրում է.

«Լենա Նազարյան անունով երեւույթը, ով խորհրդարանում հայտնվելու համար պարտական է բացառապես Նիկոլ Փաշինյանին, այլեւս անցել է բոլոր սահմանները: Ես հիմա, այս հրապարակմամբ, դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին`ընդունեք Լենա Նազարյանի հայտարարությունը, որպես հայտարարություն հանցագործության մասին, առ այն, որ ես կապ ունեմ մարտի 1-ի արյունոտ ոճրագործության հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ Նաիրա Զոհրաբյանը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու նախագծին կողմ է քվեարկել: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Լենա Նազարյանին`կարդալ ՀՀ Սահմանադրությունը, որը սահմանում էր`արտակարգ դրության մասին հրամանագիրը նախագահի բացառիկ իրավունքն է, հետեւաբար, նման նախագիծ խորհրդարանում չի քվեարկվել: Այսօր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Լենա Նազարյանն ասել է, որ ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, Նաիրա Զոհրաբյանը իրավական խճճված մեկնաբանություններ է անում:

«Եթե Լենա Նազարյանը չկանչվի հարցաքննության եւ պատասխան չտա իր այդ հայտարարության համար, Լենա Նազարյանը, ինչպես իր բազմաթիվ ստախոս, հայհոյաբերան եւ բարոյազուրկ թիմակիցներ, պատասխան են տալու եվրոպական կառույցների առջեւ: Լենա Նազարյանը պարտավոր է պատասխան տալ իր արած հայտարարության համար: Ես հորդորում եմ իրավապահներին`անհապաղ արձագանքեք այս հայտարարությանը եւ Լենա Նազարյանին կանչեք հարցաքննության: Նա պարտավոր է ապացուցել, որ ես, ինչպես ինքն է ասել, առնչություն ունեմ մարտի 1-ի արյունոտ դեպքերի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով վաղը եւեթ ինքն այս հարցով գրավոր դիմելու է գլխավոր դատախազին: