Տրամաբանությունը մեկն է՝ դիմել Ռուսաստանին և ասել, որ «Հայաստանը Արևմուտքի հետ խաղեր է տալիս»


19:15 , 2 սեպտեմբեր, 2018

Հայ բոլշևիկները՝ Հայաստանի պատմության խարանն են հանդիսանում, քանի որ նրանց հակապետական գործունեության պատճառով Հայաստանի առաջին Հանրապետությունը ոչ միայն կորցրեց իր անկախությունը՝ 70 տարով հետ գցելով անկախ պետականություն կերտելու պատմության բնականոն գործընթացը, այլև կորցրեց իր տարածքի ուղիղ կեսը, որի ծանրագույն հետևանքները մինջև օրս էլ դեռ չենք կարողանում հաղթահարել: Այդ բացարձակ ապազգային՝ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող, ոչ հայեցի, հայերեն լեզվամտածողությունից զուրկ, միայն ռուսական կայսերական շահերը հետապնդող բոլշևիկները ռուսական Կարմիր բանակի սվինների վրա Հայաստան մուտք գործեցին Բաքվից՝ 1920-ի դեկտեմբերի 2-ին:

Ուշագրավ զուգահեռներ է անցկացրել այդ առնչությամբ Արա Պապյանը. «Տարիներ առաջ մի փաստաթղթերի ժողովածու էինք հրապարակել՝ 1919-20 թվականների մասին, կոչվում էր «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը»: Այնտեղ ներկայացված են Հայաստանից հայ բոլշևիկների ուղարկած զեկուցագրերը Բաքու, որտեղ գտնվում էր Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կազմբյուրոն: Եվ անընդհատ այդ մարդիկ ասում էին, որ Հայաստանում վատ է, հակառուսական տրամադրություններ են, ժողովուրդը դեմ է, վիճակը ծանր է, պետք է իշխանություններին տապալել, կոչ էին անում Կարմիր բանակով ոչնչացնել Անտանտի այդ «շնիկներին»: Հիմա, երբ ես Քոչարյանի վերջին հարցազրույցները լսում էի, այդ փաստաթղթերն էի հիշում, այսինքն՝ մեկը մեկին նման է: Բառերը տարբեր են, բայց տրամաբանությունը՝ դիմել Ռուսաստանին և ասել, որ «Հայաստանը Արևմուտքի հետ խաղեր է տալիս», ուզում է Ռուսաստանի շահերի դեմ ինչ-որ բաներ անել, դա լրիվ տեղավորվում է հայ բոլշևիկների գործունեության շրջանակներում: Այն ժամանակ, ցավոք սրտի, ամբողջն ավարտվեց նրանով, որ ռուսական 11-րդ բանակը մտավ Հայաստան, երկրի կեսը տվեց թուրքերին, Նախիջևանն ու Ղարաբաղն էլ տվեց ադրբեջանցիներին: Հիմա հուսանք, որ նման սցենարներ չեն լինի»: