Ռուս «գուսարների» արկածները Փանիկ գյուղում


13:20 , 18 հուլիս, 2018

Երեկ Շիրակի մարզի Փանիկ գյուղում արտառոց միջադեպ է գրանցվել. Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորական մեքենաների շարասյունը առանց նախազգուշացնելու «զորավարժանք» է իրականացրել գյուղի բնակելի տների մոտ՝ անկանոն կրակելով ավտոմատներից և նետելով պայթուցիկներ, որի հետևանքով ողջ համայնքը սարսափահար է եղել։

Փաստորեն, սպասվում էր, որ անմիջապես ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո հայկական կողմի հանդեպ սկսվելու են տարբեր տիպի մեծ ու փոքր սադրանքներ, և ահա, խնդրեմ, ականատես ենք լինում արդեն «առաջին ծիծեռնակի», այն էլ՝ այսպես կոչված ռազմավարական դաշնակցի կողմից: Սա կրկին անգամ ցույց է տալիս, թե ինչքան հարմարավետ և հստահ է զգում իրեն ռուսական կողմն իր համար շատ հոգեհարազատ դարձած «բաժանիր, որ տիրես» հանրահայտ սկզբունքի տիրույթում: Կարծում ենք, այս միջադեպի կապակցությամբ Հայաստանի պաշտոնյաները պետք է որ համապատասխան հայտարարություն անեն և պահանջեն ռուսական կողմից անհետաձգելի ծառայողական հետաքննություն իրականացնել՝ նմանատիպի դեպքերն այսուհետ բացառելու նպատակով:

Հասկանալի է, որ այս ամենի խորքային պատճառը այն է, որ Հայաստանը պաշտոնական Ռուսաստանի կողմից ընկալվում է բացառապես որպես իրենց հնազանդ գաղութ, և եթե մենք ի վերջո չկարողանանք դուրս բերել մեր երկիրը մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող և նսեմացնող այդ ցածր կարգավիճակից՝ դժվար թե մոտ ապագայում կարողանանք առաջընթաց գրանցել ռուս-հայկական միջպետական հարաբերություններում: