10:00 , 30 մայիս, 2018
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, որ հրաժարական ներկայացնելու ծրագիր չունի և շարունակում է իրականացնել Սյունիքի մարզպետի պարտականությունները: Ըստ մարզպետի՝ կան ընթացիկ շատ ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցնել:
-Ծանոթ չե՞ք տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն:
-Նման հորդորով որևէ մեկն ինձ չի դիմել այս օրերի ընթացքում: Ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ես և իմ թիմը բազմաթիվ կարևոր նախագծեր ենք ձեռնարկել, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են: Հրաժարականի դիմում ներկայացնելն ու այդ ծրագրերը ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվի, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին:
-Կմանրամասնե՞ք՝ ինչ նախագծերի մասին է խոսքը և ի՞նչ միջոցներով են դրանք իրականացվում։
-Բոլորին հայտնի է, որ մարզպետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո իմ նախաձեռնությամբ ստեղծվեց «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը», որի նպատակն է մասնավոր միջոցների ներգրավմամբ լուծում տալ մարզում առկա խնդիրներին:
Հիմնադրամի միջոցներով իրականացվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության ոլորտներում ամենատարբեր ծրագրեր, կառուցվել է գերժամանակակից կինոթատրոն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ համատեղ վերակառուցվում է մարզի զարգացման համար գերկարևոր նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանը, սուբսիդավորվում է հասարակական տրանսպորտը և այսպես շարունակ։ Եթե խոսենք թվերով, ապա այս կարճ ժամանակահատվածում հիմնադրամի միջոցներով մարզի զարգացմանը շուրջ 500 միլիոն դրամ է ուղղվել։ Կրկին նշեմ, որ այս միջոցները ձևավորվել են բացառապես մասնավոր սեկտորի կողմից, հիմնական դոնոր է հանդիսացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», ինչպես նաև այն մեր գործընկերները, ովքեր սրտացավ են Սյունիքի ապագայի հանդեպ, և վստահելով մեր թիմին, ունենում են իրենց ներդնումը։ Մեր ներկայությունը կառավարությունում իրենց համար հանդիսացել է երաշխիք, ինչը անխոս խիստ պարտավորեցնող է։
-Այնուամենայնիվ, եթե նոր կառավարությունը պահանջի, որ հրաժարական տաք, ինչպե՞ս կվարվեք:
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ մարզպետներին նշանակում և ազատում է կառավարությունը: Հետագա զարգացումները կախված կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի ընդունած որոշումներից: Կրկնում եմ՝ ինձ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր չի եղել, և իմ օրակարգում հրաժարականի հարց չկա: