Կրքերի հանդարտեցում և ստեղծված քաղաքական իրավիճակի սթափ գնահատում, մի փոքր դադար է պետք


21:07 , 17 մայիս, 2018
Իրոք հիմա մեզ մի փոքր դադար է հարկավոր, կրքերի հանդարտեցում և ստեղծված քաղաքական իրավիճակի սթափ գնահատում: Հայաստանի պատմության անիվը մեծ ուժգնությամբ թափ է հավաքել, և այժմ բոլորս պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ չգլորվենք անիշխանության կործանարար անդունդը: Վերջին տարիներին երկրում կուտակված և չլուծված խնդիրների այնպիսի մեծ պաշար կա, որ մեկ ժամում, մեկ օրում այդ ամենը, բնականաբար, հնարավոր չէ հանգուցալուծել, մանավանդ որ իշխանափոխությունն էլ դեռևս վերջնականապես ամրագրված չէ: Իսկ որ բոլոր այդ խնդիրներին անհրաժեշտ է դրական լուծում տալ՝ ոչ մեկի մոտ անգամ կասկած էլ չի կարող լինել, այլապես անիմաստ է դառնում բարեփոխումների համար մղված համահայկական այս հզոր շարժումը: Բայց, կարծում եմ, հիմա կա մի կարևորագույն խնդիր, որը պարտադիր և նպատակային պետք է տանել ու հասցնել վերջնական հանգուցալուծմանը։ Դա նոր Ազգային ժողովի հնարավորինս շուտ ընտրությունն է, քանի որ այս ճգնաժամից դուրս գալու միակ ընկալելի և լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են լինել: