Կաթ՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, բուսական յուղով և բարձր ՄԱՖԱՄ-ով


10:40 , 7 մարտ, 2018

Hetq.am-ը գրում է.

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Փորձաքննությունն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։

«Հետք»-ը, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ կատարել է գնում՝  խանութից, ՍԱՊԾ-ն՝ նմուշառում՝արտադրամասերից։

!!!  Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. կաթի պահպանման ժամկետը 3-5 օր է։

 

Կաթը լայն սպառում ունեցող սննդատեսակ է։ Դրա մեջ կան մարդու օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրատարրեր, ինչպիսիք են՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամիններն ու հանքանյութերը։ Սա, իհարկե, լավագույն տարբերակում։

Ինչպես ցանկացած սննդատեսակ, կաթի որակը ևս ունի իրավական մի շարք կարգավորումներ, որոնց պետք է համապատասխանի։

Մասնավորապես՝ անարատ կաթի մեջ չի կարող լինել բուսական յուղ, որը էժան հումք է և օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում: Դրա օգտագործման հիմնական դրդապատճառը գումար խնայելն ու մեծ շահույթ ստանալն է:
Կաթի որակը կարգավորվում է կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝«Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշումը, Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտնագության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով:

Բացի այդ, կաթը, ըստ կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման,  բարձր ռիսկայնություն ունեցող (ռիսկայնության միավորը՝ 30) մթերք է, հետևաբար դրա մակնշման վրա կարևոր է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը։

Վերջինս հավաստում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Այդ նշանը պարտադիր պայման է ԵԱՏՄ շուկայում  իրացվող սննդամթերքի համար։

 

 

«Հետք»-ը կաթի նմուշները փորձաքննության է ներկայացրել 2018 թ. փետրվարի 23-ին «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա։

ՍԱՊԾ-ն նմուշառումն արտադրամասերից սկսել է մի քանի օր շուտ։ Փորձաքննությունն իրականացրել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում:

Արտադրատեսակների նախնական ցանկը հստակեցվել է ՍԱՊԾ-ի հետ:

Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննվել են՝ ըստ ՄՄ ՏԿ 033/2013 (
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին ») նորմատիվ փաստաթղթերի պահանջների։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված», յուղայնությունը՝ 3,2 %:

Ըստ մակնշման՝ ապրանքը պատրաստված է տեխնիկական պայմաններով (ՀՀ ՏՊ 37326529.4469-2006), որտեղ արդեն արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ` ապրանքի որակի և բաղադրության համար։ Եվ համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 պահանջներին։

Կաթի վրա առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիաննա» պաստերացված կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության)՝ այս ապրանքն ունի անհամապատասխանություն միայն յուղի զանգվածային մասով  (այս ցուցանիշը «Հետք»-ը չի ստուգել, հեղ.). մակնշման մեջ նշված եղած յուղայնությունը փաստացի 2,4 % է՝ նշվածից  0,8% -ով ցածր:

Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, այն է՝ «մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության»: Այսպիսի սննդամթերքը, ըստ օրենքի, համարվում է կեղծված:

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության պաստերիզացված կաթը  (23.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»

Ըստ մակնշման՝ այս կաթը 100 % բնական է, բաղադրությունը՝ կովի պաստերիզացված անարատ կաթ։ Յուղայնությունը՝ 3,5 %:

Եվս պատրաստված է 39053099.7030-2012  ՀՀ ՏՊ-ով և ԳՕՍՏ 13277-ով։

Ունի ՀՍՏ (Հայկական ստանդարտ) նշանը, բայց չունի EAC նշան, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 ՆՓ-ի պահանջների խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բիոկաթ» ընկերության կաթի մեջ առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ինչը վկայում է արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում  սահմանված նորմերին և համարվում է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար:

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության) ՝ այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին. դրա մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, և ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցել է թույլատրելի նորման:

 

  

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության պաստերիզացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ այն նորմալացված կովի կաթ է, յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է  ՀՀ ՏՊ 28459042.6342-2010-ով, ունի EAC համապատասխանության նշան։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության)  ևս այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին:

 

 

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության պաստերացված կաթը  (23.02.18-28.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝  նորմալացված կովի կաթ է:

Յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 28472367.5351-2008-ով, ունի EAC և ISO 9001:2008 համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Թամարա» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ (21.02.18 արտադրության) այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ