Նիկիտա Խրուշչովի «գաղտնի զենքը»


22:54 , 5 մարտ, 2018

Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի ժամանակաշրջանը նշանավորվեց նրա հայտնի «բոցերով», որոնց զուգահեռները թերևս կարելի է գտնել նաև այսօրվա ռուսական իրականության մեջ:

1959 թվականի հունիսին Խրուշչովը Մոսկվայում այցելել էր ամերիկյան ցուցահանդես, որն առաջինն էր սովետա-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ: Ամերիկյան կողմից ցուցահանդեսի տաղավարները Խրուշչովին էր ներկայացնում այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը: Եվ ահա, տեսնելով բոլոր բնագավառներում Միացյալ Նահանգների տնտեսության ակնհայտ առաջադիմությունը և այդ իսկ պատճառով չկարողանալով զսպել իր բուռն դժգոհությունը, Խրուշչովը Նիքսոնին վրդովված արձագանքել էր, որ ԽՍՀՄ-ը դեռ կհասնի և կանցնի ԱՄՆ-ին, որից հետո բառացիորեն ասել էր հետևյալ խոսքերը. «Мы вам ещё покажем кузькину мать!» (հայերեն դա կարելի է վերծանել որպես՝ «Մենք դեռ ձեզ ցույց կտանք՝ որը որից հետո է»):

Այդ պահին ստացվում է այնպես, որ թարգմանիչները շփոթվում են և չեն կարողանում ամերիկյան կողմին ճշգրիտ թարգմանել ռուսական իդիոմատիկ այդ արտահայտությունը՝ ներկայացնելով այն որպես «Kuz’kina mother»: Այսքանից հետո էլ մոլորության մեջ են հայտնվում արդեն ամերիկացի պաշտոնյաները, որոնց թվացել էր, թե Խրուշչովը արտաբերել է խորհրդային ինչ-որ գերհզոր նոր «գաղտնի զենքի» անվանումը: