Ավստրալիական նահանգի հայազգի վարչապետը Վաշինգտոնում


20:00 , 28 փետրվար, 2018

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» կայքը՝ օրեր առաջ պաշտոնական այցով ԱՄՆ ժամանած Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պատվիրակության կազմում էր գտնվում նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը: Վերջինս հյուրընկալմանն արժանացավ ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլ նաև՝ Ամերիկայի հայ համայնքի կողմից:

Հայերենին վարժ տիրապետող Գլեդիս Բերեջիկլյանը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող «Արամյան տանն» իր անցած ուղու մասին է պատմել հանդիպմանը եկած հայ երիտասարդներին: Կարևորելով արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությունը՝ նա նշել է, որ իր մոտ այդ հարցում մեծ դեր են խաղացել ընտանիքն ու հայ համայնքը: Բերեջիկլյանն ասել է. «Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա և ամեն օր հայությունս կզգամ»:

«Որևէ երկրի մեջ կարող եք ապրել, բայց շատ կարևոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի: Հայ լինելը հեշտ չէ, մեր պայքարը հեշտ չէ, բայց բոլորս նույն քայլերով առաջ կգնանք, քանի որ աշխարհի չորս կողմերում մեծ ընտանիք ունենք, և ես իսկապես դա զգում եմ»,- ասել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը ամերիկահայ երիտասարդներին:
Կից տեսանյութը՝ այստեղ։