Մոլդովացի բոլշևիկի անվամբ փողոցը չանվանափոխվեց


22:12 , 29 նոյեմբեր, 2017
Երևանի ավագանու նիստում այսօր քվեարկության դրվեց և մերժվեց դեռևս խորհրդային տարիներից մեզ ժառանգություն մնացած և բոլշևիկների անունները կրող փողոցները վերանվանելու վերաբերյալ «Ելք» խմբակցության առաջարկը: Այդ թվում նաև առաջարկվում էր Ապրիլյան հերոսների անվամբ անվանակոչել Շենգավիթի շրջանի Ֆրունզեի փողոցը:
Շատերը չգիտեն` ո՞վ էր և ի՞նչ էր իրենից ներկայացնում ազգությամբ մոլդովացի բոլշևիկյան այդ հակահերոսը՝ Միխայիլ Ֆրունզեն: Չքավոր ընտանիքից սերող և Ղրղզստանում ծնված Ֆրունզեն` սովորական քրեական հանցագործ էր մինչև 1917 թվի հոկտեմբերը, երբ նա իր տեղը գտավ որպես Լենինի հավատարիմ զինակից` մեծ ներդրում ունենալով Մոսկվայում բոլշևիկյան հեղաշրջում կազմակերպելու գործում, որից հետո որպես Կարմիր բանակի հրամանատար նա ակտիվորեն մասնակցում էր 1917-20 թթ. Ռուսաստանում ընթացող քաղաքացիական արյունալի կռիվներին. այդ անիմաստ եղբայրասպան պատերազմին զոհ գնացին մի քանի միլիոն ռուսաստանցիներ:
1921-22 թթ. Լենինը Ֆրունզեին գործուղում է Անկարա, որտեղ նա դառնում է բոլշևիկների կողմից մեծ աջակցություն ստացող Քեմալ Աթաթուրքի ռազմական փորձագետը: Այստեղ արդեն Ֆրունզեն մեծ ներդրում ունեցավ՝ թուրք-հունական պատերազմում քեմալիստների զորքերի ընդհանուր հաղթանակում: Քեմալ Աթաթուրքը հատուկ հեռագրով անձամբ շնորհակալություն է հայտնում Լենինին՝ Ֆրունզեին Թուրքիա գործուղելու համար և նշում, որ առանց Ֆրունզեի իրենց՝ թուրքերի հաղթանակը չէր կայանա: Այդ ամենից հետո, որպես երախտիքի նշան, Ֆրունզեի արձանը՝ Քեմալ Աթաթուրքի և Կլիմենտ Վորոշիլովի արձանների հետ միասին կանգնեցվում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Միխայիլ Ֆրունզեն մահացավ 1925-ին կասկածելի հանգամանքներում՝ ստամոքսի խոցի վիրահատության ժամանակ: Փաստերը վկայում են, որ դա Ստալինի կողմից կազմակերպված հերթական դավադրությունն էր, որի ընթացքում նա փորձում էր ազատվել Լենինի հավատարիմ կադրերից: