Ավետյան եղբայրների «Аведовъ» ձեթի ապրանքանիշը


23:11 , 10 նոյեմբեր, 2017

Ամեն ինչ սկսվեց նրանց, որ պարսկահպատակ եղբայրներ Հովհաննես և Ստեփան Ավագի Ավետյանները 1890-ական թվականների սկզբին Պարսկաստանից տեղափոխվեցին Ռուսաստան և հաստատվեցին Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում, որը մեծաթիվ հայ բնակչություն ուներ: Այստեղ, ճիշտ կողմնորոշվելով և դրսևորելով գործարարական ու առևտրական բացառիկ ունակություններ, 1894-ին նրանք տեղացիներից գնում են բուսական յուղի արտադրման անեկամտաբեր մի գործարան, կարճ ժամանակամիջոցում վերակառուցում և հագեցնում են այն նորագույն սարքավորումներով: Գործը հաջողություն է ունենում, և շուտով արդեն արևածաղկի ձեթի «Аведовъ» ապրանքանիշը հայտնի է դառնում Ռուսաստանի մեծ քաղաքների խանութներում:

Շարունակելով սկսած գործը, Ավեդով-Ավետյան եղբայրների համատեղ ֆիրման 1899-ին Եկատերինոդար քաղաքում հիմնում է բուսական յուղի արտադրման շատ ավելի մեծ ծավալներով գործարան, որտեղ աշխատում էին 400-ից ավելի բանվորներ և որն օրական 2500 փութ ձեթ էր արտադրում: Ռուսաստանում այն դարձավ ամենահզորը այդ բնագավառում:

Շուտով Հովհաննես (Իվան) Ավեդովը տեղափոխվում է Եկատերինոդար, իսկ Ստեփանը՝ Դոնի Ռոստով, սակայն ֆիրմայի գլխավոր գրասենյակը շարունակում էր մնալ Արմավիր քաղաքում (լուսանկարում): 1915 թվականի դրությամբ Հովհաննես Ավեդովը դարձել էր արդեն խոշոր ձեռնարկատեր և Արմավիրում ու Եկատերինոդարում ուներ 7 գործարան՝ 2 միլիոն ռուբլի կապիտալով:

Նշենք, որ մինչև 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումը, «Аведовъ» ապրանքանիշով ձեթը Ռուսաստանում որակի էտալոնն էր համարվում: Հայտնի է նաև, որ 1917-ից հետո, երբ բոլոր գործարանները ազգայնացվեցին, Հովհաննես Ավեդովը մեկնել է Ֆրանսիա և հիմնել այնտեղ տաքսի ծառայություն: