«Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաստիացնել, որ «իրենց հողերն» անպայման «կազատագրվեն»


11:20 , 17 հոկտեմբեր, 2017
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել:
 
Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետև կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երևի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
 
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել և ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական և աղետալի լուրերին:
 
Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետևյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլևս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
 
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
 
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլև կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք և այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության և գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ:
 
Իրականում սա քամու որոշակի ուժգնացում էր որոշ մարզերում: Ընդ որում, ոչ աննախադեպ: Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում փոթորիկներ, մրրիկներ, թայֆուններ և ցունամիներ չեն եղել: Հուսանք՝ չեն էլ լինի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: