Շատ հանդիպած հարցերի պատասխանները ընտանեկան բռնության դեմ օրենքի վերաբերյալ


15:07 , 10 հոկտեմբեր, 2017

Իսկ եթե լուրջ, մի քանի, ինձ առավել շատ հանդիպած հարցերի պատասխաններն ընտանեկան բռնության դեմ օրենքի վերաբերյալ։

1․ Արդյո՞ք երեխաներին խլելու են ընտանիքներից։
Ոչ, օրենքում այդպիսի բան չկա։ Ծնողական իրավունքներից զրկելու կարգն այլ օրենքով է սահմանված ու նույնությամբ է մնում։

2․ Արդյո՞ք միասեռական ընտանիքներին են տալու երեխեքին։ Ոչ, օրենքում ոչինչ չկա ո՛չ նույնասեռականների, ո՛չ էլ նույնասեռական ընտանիքների մասին։ Հայաստանի օրենսդրությամբ, առհասարակ, չկա «նույնասեռական ընտանիք» հասկացություն։

3․ Հենա, քրեական օրենսդրությամբ կա բռնության մասին հոդված, ի՞նչ տարբերություն, բռնությունը բռնություն է, թող էդ օրենքն աշխատի։

Նախ՝ կան տարբերություններ։ Ընտանեկան բռնությունը տարբերվում է․
ա․ բարձր լատենտությամբ;
բ․ զոհի կախվածությամբ բռնություն իրագործողից (տնտեսական, հոգեբանական, անգամ կենցաղային);
գ․ զոհի նկատմամբ սոցիալական ուժեղ ճնշումով (հարևանների, բարեկամների, անգամ զոհի ծնողների կողմից - ախչի ամոթ ա);
դ․ victim blaming կոչված երևույթով;
ե․ պերմանենտությամբ (զոհը ոչ թե ծեծվեց ու պըրծ, գնաց տուն, հոգատարություն ու խնամք ստացավ, այլ մնաց նույն բռնության միջավայրում՝ հաճախ նույնիսկ կարեկցանք չստանալով);
ևն, ևն - հավատացեք, դեռ շատ բաներ կարելի է թվարկել։

Հենց սա է պատճառը, որ անհրաժեշտ են լրացուցիչ մեխանիզմներ զոհին օգնելու և պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքին, ապա այն ոչ թե զոհին պաշտպանելու համար է, այլ՝ հանցանք գործած անձին պատժելու, մինչդեռ ընտանեկան բռնության մասին օրենքը չի սահմանում պատժամիջոցներ։

4․ Ընտանիքը քայքայո՞ւմ են։
Ոչ։ Նախ՝ ընտանիքները, որտեղ բռնություն կա, դժվար է չքայքայված անվանելը, այնպես որ, նույնիսկ ցանկության դեպքում օրենքը չէր կարող արդեն քայքայածը քայքայել։ Բայց օրենքում նաև այդպիսի ցանկություն չկա։ Այնտեղ սահմանված են զոհին պաշտպանելու 3 մեթոդ։

ա․ Բռնության առաջին փորձի դեպքում ու եթե որևէ լուրջ վտանգ չկա զոհի համար, ոստիկանը գալիս է ու ուղղակի զգուշացնում է, որ չի կարելի այդպես։

բ․ Լուրջ վտանգի դեպքում մինչև 20 օրով կարա սահմանափակվի բռնություն գործադրողի շփումը զոհի հետ  (իրավունք չպիտի ունենա այցելել, մոտենալ ևն), բացի էն դեպքերից, երբ հաշտվելու հնարավորություն կա (նման դեպքերում կարա հանդիպում կազմակերպվի), ու հաշտության դեպքում թեման փակվում է։ Նպատակը զոհին հետապնդել թույլ չտալն է, բայց այնպես, որ հաշտության հնարավորությունները լինի օգտագործել։

գ․ Երրորդ մեխանիզմն արդեն դատարանի որոշմամբ կատարվող սահմանափակումներն են՝ էլի շփումներ, զոհին զանգել ևն։ Այս սահմանափակումները կարող են սահմանվել 6-9 ամիս ժամկետով։ Զոհին անհրաժեշտության դեպքում ապաստարան է տրամադրվում։ Այս դեպքում էլ հաշտության հնարավորություններ տրվում են։

Շատ կարևոր մի առանձնահատկություն․ դատարանը կարող է բռնություն գործած անձին պարտավորեցնել անհրաժեշտ բուժօգնության դիմել (ալկոհոլիզմի, թմրամոլության դեմ, հոգեբանական օգնություն ևն)։ Այսինքն՝ իրականում աջակցություն ստանում է ոչ միայն զոհը, այլև բռնություն կատարած անձը։ Հաճախ սա թեև ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է ընտանիքում մթնոլորտը բարելավելու համար։ Այ սենց «ընտանիք քայքայող օրենք»։

Բոլոր դեպքերում հաշվի է առնվում զոհի կարծիքը, մասնավորապես ապաստարան գնալու համար + զոհն իրավունք ունի այս ընթացակարգերին վերջ տալ, օրինակ, դատական կարգով։

Այսպիսով՝ օրենքն այն բանի մասին է, որ ընտանեկան բռնության զոհը գոնե գնալու տեղ ունենա, լինեն նրան ֆիզիկապես պաշտպանելու մի քանի մեխանիզմներ, լինեն նրան հոգեբանական, իրավական, սոցիալական պաշտպանության մեխանիզմներ - սրանք մի կողմից։ Մյուս կողմից՝ լինեն մեխանիզմներ ընտանիքում մթնոլորտը բարելավելու համար - որոշակի հոգեբանական, բացատրական, բժշկական աշխատանք տարվի նաև մյուս կողմի հետ։

Օրենքի մնացած մասերը զուտ պրոցեդուրաներն են սահմանում, այս կամ այն կառույցների գործառույթները ևն։

5․ Բա ինչո՞ւ է այսքան աղմուկ։
Ոմանք չեն կարդացել նախագիծը; մյուսները կարդացել են ու այնտեղ տեսել են բաներ, որոնք ուղղակի չկան այնտեղ; շատերը ռուսական քարոզչության, մասնավորապես հակաեվրոպական ու հակաարևմտյան քարոզչության զոհ են; ուրիշները միգուցե վճարվում են աղմկելու համար ևն։ Հավանաբար կան նաև այլ մոտիվացիա ունեցողներ։ Օրինակ՝ մարդիկ, ովքեր համարում են, որ կնոջը կամ երեխային ծեծելը բռնությունը չէ ու նորմալ է։ Հա, կան այդպիսիներն էլ։

6․ Է էս օրենքը կարող ա լավն ա, բայց չի աշխատի։
Միգուցե և դա շատ վատ կլինի, բայց արդյո՞ք դա պատճառ է, որ օրենքները չընդունվեն։ Այդ դեպքում եկեք չեղարկենք բոլոր օրենքներն էլ, սահմանադրությունն էլ։

Ոնց որ թե վերջ, ոչ մի էական հարց, որ ինձ պատահել էր, չմոռացա։

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Քանի որ մեկնաբանություններում հարց բարձրացվեց, թե «ի՞նչ է նշանակում հոգեբանական կամ տնտեսական բռնություն», ավելացնեմ նաև այդ հարցին իմ պատասխանը։

Բռնության առկայությունը կամ բացակայությունը հաստատվում է համապատասխան փորձագիտական եզրակացությամբ։ Օրինակ՝ քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե առողջությանը հասցված որ վնասն է թեթև, որը միջին, որը ծանր։ Կամ առհասարակ ի՞նչ է նշանակում առողջությանը հասցված վնաս։ Այդ եզրկացությունը տալիս են բժշիկները։

Ինչո՞ւ է այդպես։ Շատ պարզ պատճառով, որովհետև սա օրենք/օրենսգիրք է, ոչ թե բժշկական հանրագիտարան։

Նույնը վերաբերում է ցանկացած այլ բռնության, այդ թվում՝ հոգեբանական ու տնտեսական։