Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կհեշտացնի ուղևորությունը դեպի Արցախ


13:41 , 2 սեպտեմբեր, 2017

Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտը, պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 1-ին։

Ավտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումյանի շրջանով ձգվում մինչև Մարտակերտի շրջան։ 114․6կմ երկարությամբ ճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն։ Մայրուղին ունի օժանդակ կառույցներ, այդ թվում՝ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր, եզրաքարեր, վերանորոգված 17 մեծ ու փոքր կամուրջներ։

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17մլրդ ՀՀ դրամ, որից 7․500 000 000 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 1 950 000 000 դրամը՝ ԱՀ կառավարությունը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։

Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցվել են մայրուղուց դեպի Չափառ գյուղ տանող մոտ 4կմ ճանապարհահատվածը և մայրուղուց դեպի Դադիվանք տանող 1կմ 150մ ճանապարհը, վերանորոգվել Դրմբոնից դեպի Մարտակերտ տանող 11.6կմ ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։

Ռազմավարական նշանակության նոր մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածությունը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով Արցախի հյուսիսային շրջաններ ուղևորվելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, խթանում է զբոսաշրջությունը` աշխուժացնելով երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալու մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելելու հայրենի բնաշխարհի գեղեցկությունը: