Սերն ու Սիրահարվածությունը զրուցում էին....


16:30 , 8 ապրիլ, 2013

-Օ՜հ, Սեր, ես երազում եմ լինել այնպիսին, ինչպիսին դու ես,-հիացական կրկնում էր Սիրահարվածությունը:
-Իսկ դու գիտե՞ս, թե ինչում է իմ ուժ,-մտահոգ  պատասխանեց Սերը...
-Որովհետև դու անհրաժե՞շտ ես մարդկանց...
-Ոչ, սիրելիս, ոչ այդ պատճառով,-քնքշորեն պատասխանեց Սերը,- ես կարող եմ Ներել...


-Դու կարող ես ներել նույնիսկ Դավաճանությո՞ւնը...
-Այո, և Դավաճանությունը, քանզի այն  հաճախ լինում է «չիմացության», այլ ոչ թե չար դիտավորության  արդյունքում..
-Դու կարո՞ղ ես ներել Անհավատարմությունը...
-Այո, եթե վերադառնում է, նշանակում է՝ համեմատել է ու ընտրել լավագույնը...
-Դու կարող ես ներել Սուտը...
-Սուտը չարյաց փոքրագույն է, հիմարիկս, քանզի այն հաճախ լինում է անելանելիությունից, հուսահատությունից, սեփական մեղքի գիտակցումից կամ ցավ չպատճառելու ցանկությունից...
-Ես այդպես չեմ կարծում... Չէ՞ որ պատահում են իսկապես ստախոս մարդիկ...
-Իհարկե, պատահում են, սակայն նրանք չունեն որևէ գործ ինձ հետ... Նրանք սիրել չգիտեն...
-Իսկ էլ ի՞նչ կարող ես ներել դու...
-Ես ներում եմ Զայրույթը, քանի որ դա կարճաժամկետ է, կարող եմ ներել Կոպտությունը, այն ծնվում է երբեմն դառնությունից, ցավից, տրտմությունից...
-Ուրիշ ի՞նչ...
-Կներեմ նաև Վիրավորանքը, նա Դառնության մեծ քույր է...և մեկը ծնում է մյուսին... Ես կարող եմ ներել Հիասթափությունը, քանի որ նրան հաճախ հետևում է Տառապանքը...իսկ Տառապանքը մաքրում է...
-Օ՜հ, Սեր, դու իսկապես զարմանալի ես... Դու կարող ես ներել ամեն-ամեն ինչ, իսկ ես առաջին փորձության դեպքում տեղի եմ տալիս...հանգչում եմ, ինչպես այրված լուցկու հատիկ... Այնպես նախանձում եմ քեզ...
-Դու սխալվում ես, փոքրիկս, ոչ ոք երբեք չի կարող ներել ամեն-ամեն ինչ... Նույնիսկ Սերը...
-Ինչպե՞ս թե... Չէ՞ որ հենց նոր դու ինձ բոլորովին այլ բան էիր ասում...
-Ոչ, այն, ինչի մասին ասում էի, ես կարող եմ Ներել... Ներել անվերջ... Բայց աշխարհում կա մի բան, որ  նույնիսկ Սերը չի կարող ներել...քանզի այն  սպանում է զգացմունքները... Ուտում՝ հոգին... Հանգեցնում է Վշտի և Ոչնչացման... Թունավորում է կյանքն ու մեկուսացնում մարդուն... Այն ցավեցնում է ավելի շատ, քան Դավաճանությունը, Սուտը, Անհավատարմությունն ու Վիրավորանքը... Դու կհասկանաս ինձ, երբ բախվես նրան... Դա Անտարբերությունն է... Զգացմունքների ոխերիմ թշնամին է նա..... Չկա նրա դեմ ոչ մի սպեղանի...

Սիրով ներկայացրի ձեզ առակ, որը «չունի» հեղինակ (կամ ես չգիտեմ))):

                                  Առակ չորս մոմի մասին


Չորս մոմեր վառվելով դանդաղ հալչում էին կամաց-կամաց...
Նրանք զրուցում էին.
 -Ես Հանգտությունն եմ, ցավոք մարդիկ չեն կարող պահել ինձ, կարծում եմ, ինձ մարելուց բացի որևէ այլ բան չի մնում,-ասաց մոմն ու հանգավ...
-Ես Հավատն եմ, ցավոք, ես էլ ոչ մեկին հարկավոր չեմ... Մարդիկ ոչինչ չեն ուզում լսել իմ մասին... Այնպես որ անիմաստ է շարունակել այրվել...
Թրթռաց մի քիչ Հավատի մոմի կրակն ու հանգավ...
Անչափ տխուր արտաբերեց երրորդ մոմը.
-Ես Սերն եմ: Ես այլևս ուժ չունեմ այրվելու: Մարդիկ չեն գնահատում ինձ և չեն հասկանում... Նրանք ատում են նրանց, ովքեր իրենց սիրում են, առավել շատ՝ իրենց հարազատներին...
Երկար չսպասելով՝ այս մոմն էլ հանգավ...
Հանկարծ սենյակ մտավ փոքրիկ տղան ու տեսավ երեք հանգած մոմերը...
-Այդ ի՞նչ եք անում... Դուք պիտի վառվեք... Ես վախենում եմ մթությունից,-բացականչեց սարսափահար երեխան ու լաց եղավ...
Հուզվեց անչափ չորրորդ մոմն ու շտապեց հանգստացնել տղային.
-Մի վախենա ու մի լացիր, փոքրիկս, քանի դեռ ես կամ ու այրվում եմ, դու միշտ կարող ես վառել մնացած երեք մոմերը... Ես Հույսն եմ...