«Առավոտ». Զինված պայքարն ամենա-«աղբաստեղծն» է, մանա­վանդ, երբ հաջողության է հասնում


11:00 , 4 օգոստոս, 2017
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. ««Ձեռքիցդ եկածը» չանելը և միայն օդի մեջ բողոքելը գալիս է մեր հասարակական՝  մտքի «թարս» տրամաբանությունից: Ըստ այդմ, թիվ մեկ խնդիրն է ունենալ լավ համակարգ (և այդ հարցը, շատերի կարծիքով, լուծվում է «լավ» նա­խագահ, «լավ» վարչապետ, «լավ» նախարար­ներ և պատգամավորներ ինչ-որ մի անհայտ տեղից «պեղելով»), իսկ երկրորդ խնդիրն է՝ որ քաղաքացիներն այդ համակարգում իրենց դրսևորեն որպես քաղաքացի, ոչ թե որպես լյումպենացված զանգված: Այս՝  Հայաստանում տարած­ված տրամաբանության շրջանակներում երկրորդ խնդիրը պայմանավորված է առաջինով: Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա սխեման հետևյալն է՝ տվեք ինձ նորմալ համակարգ, և ես ինձ մարդավարի կպահեմ, չեմ գողանա, չեմ սպա­նի, քաղաքը և երկիրը չեմ աղտոտի և բոլոր տեսակի դատապարտելի արարքները չեմ արդա­րացնի:
 
Այդ տրամաբանությունն, ինձ թվում է, սխալ է, եթե թույլ տրվի ասել՝  դիալեկտիկական չի: Որով­հետև համակարգը ստեղծվում է ամեն մեկիս վարքով և գնահատականով: Դատարկ շիշը փո­ղոցում չես շպրտում, շպրտածը բարձրացնում ես, շպրտողին «ռեժիմի արատներով» չես արդա­րացնում, փողոցն, ի վերջո, մաքրվում է աղբից: Ոչ մեկին չես վիրավորում, վիրավորանքները, ում հասցեին էլ լինեն, ջնջում ես քո էջից՝ քո էջում տեղ են գտնում միայն կոռեկտ արտահայտու­թյուններ:
 
Դատապարտում ես ցանկացած բռնու­թյուն և բռնության ցանկացած կոչ, և ոչ թե ամեն մի հանցագործության առիթով ասում ես՝ «դե, մարդկանց հասցրել են, այլ ելք չէին տես­նում», և բռնության մակարդակն իջնում է: Կաշ­առք չես վերցնում և չես ասում՝ «դե ինչ արած, մարդն ընտանիք է պահում», և կոռուպցիան նվազում է:
 
«Աղբաստեղծ» համակարգերը գոյություն ունեն հասարակության մեծամասնության ջանքերով և խրախուսմամբ: «Աղբից մաքուր» համակարգերը ստեղծվում են հասարակության մեծամասնու­թյան կամքով և պայքարով: Խաղաղ պայքարով, բնականաբար: Որովհետև զինված պայքարը, իմ կարծիքով, ամենա-«աղբաստեղծն» է: Մանա­վանդ, երբ հաջողության է հասնում»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: