Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է


14:06 , 23 հուլիս, 2017

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Այս մասին ասել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

«Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում»,- նշել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը և հավելել, որ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։

Եկեղեցու հոգևոր հովվի խոսքով՝ ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։

«Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից է, որի ծեսերը մասամբ նվիրված են բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերում են հասկեր, խնդրում, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից, ծառերի դալար ոստերով զարդարում են տները, ծաղկեփնջեր նվիրում միմյանց, աղավնիներ թռցնում, կազմակերպում ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարում են անասունների ճակատները»,- ասել է քահանա Մինասյանը։