Վրեժի սինդրոմ


14:37 , 6 հուլիս, 2017

Ես համոզված եմ, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարծիք են հայտնում, թե թշնամու երեխայի մահն իրենց համար միևնույն է, կամ ավելին՝ իրենք ուրախանում են դրանից, հոգու խորքում ցավ են ապրում: Ես համոզված եմ, որ հայը ունակ չէ այդ աստիճան դեգրադացվելու:

Ցեղասպանվածի սինդրոմը խեղել է մեր մտածողությունը, բայց մեր էության մեջ մենք դեռ նույնն ենք ու կարեկից նույնիսկ թշամու երեխայի նկատմամբ:

Վրեժը պիտի սառը պահել: Հակառակ դեպքում այն կուտի ներսից և կապականի դուրսը: Վրեժը բացառելը կամ մոռացության մատնելը նույնքան սխալ է, որքան վրեժը կյանքի նպատակ դարձնելը: Վրեժը պիտի ծառայի միայն արդարության հաստատմանը: Իսկ Արդարությունը երբեք չի ընդունում երեխայի մահը:

Երբ մեր թշնամու զինվորը թաքնվում է իր երեխայի հետևում, մենք այլընտրանք չենք ունենում: Բայց երեխայի մահվան նկատմամբ անտարբեր լինելը կամ դրանով ուրախանալը ևս լավ տեղ չի հասցնելու:

Արդարությունը ադեկվատության հետ սերտ կապ ունի: Մենք մեր ներսում պիտի պահպանենք այդ եզրագիծն ու ծայրահեղության գիրկը չընկնենք: