Սասնա ծռերի գործողություններում, այո՛, կա հանցակազմ


13:23 , 14 հունիս, 2017
Ամբողջ համացանցը քննարկում է պարոն Մարուքյանի խոսքն այն մասին, որ Սասնա ծռերի գործողություններում, այո, կա հանցակազմ: Հարգելիներս, սովորեք երևույթներն իրարից տարբերել: Բարոյականը, ցանկալին և այս կամ այն գործողության իրավական հարթությունը խիստ տարբեր բաներ են: Յուրաքանչյուրդ վերցրեք ձեզ վրա: Պատկերացրեք հայրենասիրական նկրտումներով մտել եք քաղաքապետարան, զինված ու մեկին ճակատից կրակել կամ պատանդ եք պահում: Ես՝ որպես այդ նույն քաղաքապետարանից զզված մարդ, գովերգում ու ողջունում եմ ձեր քայլը, ասում եմ՝ ապրեք, ես այդքան համարձակություն չէի ունենա: Բայց արդյո՞ք ձեր քայլը, անկախ նպատակից, գովերգում է քրեական օրենսգիրքը։ Խնդիրը սա է: Հիմա ինչ կապ ունի, թե դա ասողն ով է, եթե կոնկրետ ակտը քրեական օրենսգրքով ենթադրում է որոշակի անվանում և պատասխանատվություն: Առանց մտածելու ձեզ առիթ է պետք մենակ մարդկանց դեմքերին թռնելու համար: Մի քիչ մտածեք էլի: Էն որ ընդդիմություն ես, չի նշանակում՝ իրավունք չունես իրերն իրենց անուններով կոչելու, ինչ է թե հասարակությունն էմոցիոնալ ու զգայական մակարդակում այլ վերաբերմունք է ցույց տալիս երևույթին: Ես եմ, հայրենասիրական նպատակներով վաղը գրավում եմ Բաղրամյան 26-ը: Պիտի գիտակցեմ, չէ՞, որ դրանում նստած պարոնը որքան էլ վատն է, ու ժողովուրդը ատում է նրան, բայց իմ քայլում կա քրեական արարք, և այո, պիտի գիտակցեմ, որ հայրենիքիս ու ժողովրդի սրտից բխող բան եմ արել, բայց նաև պիտի պատրաստ լինեմ այդ մատուցածս ծառայության պատասխանատվությունը կրել ըստ օրենքի, ոչ թե ըստ մարդկանց ցանկության: Հիմա տենց լավ չի, որիս մտքով անցնի, գնանք մեկին փռենք, մի բան գրավենք, ասենք՝ հայրենասիրական նպատակով ենք արել, դուք մեզ իրավունք չունեք դատելու, նորմա՞լ եք համարում։